Ruzanna Voskanyan
* * *
Ծառը համառորեն մխրճվեց նստարանի մեջ
ու հայտնվեց երկուսիս արանքում:
Հազար տարի է անցել,
բայց կեղևից էլի քո հոտն է գալիս,
որ ներծծված է կաշվեխառն ժանգահոտով:
Ստվերի պես անհաղորդ
սահեցի փողոցներով. 
ծանոթները տեսան ու ամաչեցին մոտենալ,
մեքենաները տեսան ու
հարկ չհամարեցին վրայովս չանցնել:
Վախ, Կիկոս ջան, վախ:
Դու մեծացար մանկատներում,
հայրդ եղավ տաղանդավոր ու սիրված
(զարմանալի զուգադիպություն),
հայրդ եղավ սիրված ու վախկոտ,
վախկոտ ու հիմար,
ամեն Աստծո օր ինքն իրեն կրկնող:
Խելացի, խելացի, խելացի,
կրկնվող տղամարդ:
Կրկնվող առավոտներից ու գիշերներից
հոգնած կին,
արի մեր տուն:
Տաք թեյի շուրջ
մի քանի դար կլռենք,
ու ոչ ոքի մտքով չի էլ անցնի
մի կողմ գլորել քարը
ու մտնել ներս:
 
* * *
Տատս ասաց` ինձ արագիլն է բերել`
երկարոտ ու սև,
տատս ասաց` ինձ արագիլն է բերել
երկրից հեռու ու մութ:
Հիշել են տատս ու պապս հսկա
պատմությունը շաղգամի,
հիշել են վաղվա օրը,
որ հաստատ դժվար ու ծանր է լինելու,
հիշել են, հոգոց հանել,
մի մեծ շնորհակալություն ասել արագիլին
ու ճանապարհել երկիրը հեռու ու մութ:
Պապս գրկել է ինձ
ու զգացել ծանրությունը շաղգամի,
ու մինչ մենք դրսում
բանակցում էինք սև արագիլի հետ,
տարիներ են անցել խրճիթում քարե,
ու քարը դանդաղ փայտ է դարձել,
որ կայրվի մի օր պատահական հրդեհից:
Պապս դանդաղ գրկել է ինձ,
տատս քայլել է մեր կողքով, մեր ետևից,
տատս իր ստվերով փորձել է ծածկել մեզ
երկարոտ արագիլի հայացքից:
Ու մինչ մենք դրսում
ձմռան գալուստն էինք տոնում,
որ արագիլը բերեց իր հետ երկրից հեռու
(հեռու երկրներում միշտ ձմեռ է ու տաք),
տարիներն էին անցնում խրճիթում փայտե:
Ագռավը, որ արագիլ էր կյանքում նախորդ,
կռռաց հեռվում.
- Ջան,- ասաց տատս
շաղգամի հեքիաթի վախը ցրելու համար:
Իսկ շաղգամը դանդաղ աճում էր իմ մեջ.
պապս հողն էր փորում խորն ու մեծ,
որ թակարդ էր դառնալու
հեռվից եկող արագիլի համար:
Պապս շաղգամ էր փնտրում
հողի մեջ մեռած, հողի մեջ թաց,
հողի մեջ, որի վրայով քայլել էր մի օր:
Ու մինչ դրսում ձմեռ էր` տաք ու թաց,
խրճիթը այրվեց վերջնականապես:
   
 
* * *
Կամացուկ բացիր պատուհանը,
ու քաղաքը կլցվի քո մեջ.
դու կդառնաս նույնքան ցանկալի,
նույնքան փոշոտ ու անտանելի,
ու մեքենաները կվազեն քո վրայով`
չնկատելով մարմինդ, աչքերդ կիսափակ…
Ու ես, ձեռքերս երկարելով, կգամ քեզ մոտ,
ու դու կլինես հեռու,
ու դու կլինես անտանելի սիրված,
ու վերնաշապիկդ, որ ինձ ծնող քաղաքն է վարդագույն,
կնայի քաղաքի աչքերով…
Ու ես կգամ, երբ ձմեռ կլինի,
ու երկրագունդը հոգնած
քիչ ավելի դանդաղ կպտտվի
քեզ պատկանող ոտքերիս տակ
(ու քոնն է առհասարակ
երկրագունդն այս` տուրուդմփոցներով լի,
քամուց դողացող ձեռքերս` ծառերից կախված,
ցեխոտ գիշերը, շները, տունը,
մի խոսքով` ամեն ինչ կամ… ես…)
Քայլ առ քայլ, քայլ առ քայլ, դանդաղ.
փողոցը դատարկվում է իրեն սիրող շներից,
քաղաքը հորանջում է քո մեջ,
հերթերը խանութում երկարում, երկարում,
հասնում են երկինք,
ու դու ավելի մոտ ես ինձ, ավելի, ավելի,
որովհետև ամեն ինչ փոխվում է ,
ամեն ինչ` բացի քեզնից…
 
Շարունակությունը՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել