Հայկական լրատվականներից մի քանիսի «պլինտուսից» ցածր գործելաոճն արդեն շատերի համար նորություն չէ և շատերի համար է անընդունելի: Լրահոսի «սովը» երբեմն լրացվում է այնպիսի անհեթեթ ու անիմաստ նյութերով, որ ակամայից զայրույթ ես զգում, նամանավանդ երբ այդ նյութերը հայտնիների անձնական տիրույթ ներխուժելով են ստեղծվում: 
Վստահ ենք, որ նմանատիպ հոդվածների հեղինակներն էլ են գիտակցում իրենց գործելաոճի ցածրակարգ լինելու հանգամանքը, բայց, այդուհանդերձ, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, թեկուզև սեփական լրատվականի վարկանիշը ցեխի մեջ գցելով գնում են այդ քայլին: Օրինակ՝ այսօր լրատվականներից մեկը նյութ էր հրապարակել, թե Ծառուկյանը որդու ծննդյան 20-ամյակը նշելու համար մի քանի օրով կբացակայի հանրապետության տարածքից, և այդ հանգամանքը փորձլ էին շահարկել ու ինչ-որ չափազանց սուբյեկտիվ գնահատական էին տվել: Կարդալն անգամ տհաճ է, և վստահ եղեք, որ նմանօրինակ ամեն մի լրատվություն հանգեցնելու է լրատվականի վարկանիշի իջեցման, քանզի ընթերցողի համբերության բաժակը մի օր լցվում է, և նա պարզապես այլևս չի վստահում այդօրինակ լրատվականներին, որոնք պատվերով են գործում կամ ուղղորդված, ինչ-որ հետին նպատակներ հետապնդելով: Ինչևէ, լավ կլինի, որ այդ արատավոր պրակտիկան հեռացվի մեր իրականությունից, հակառակ պարագայում լրատվությունը փողոցային բամբասանքներից տարբերակելը գնալով ավելի է դժվարանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել