Այսպիսի մի գիրք կա` «Խորհրդավոր այգի»: Հեղինակն անգլուհի Ֆրենսիս Բըրնեթն է: Հնդկաստանից Անգլիա եկած մի աղջնակի մասին է, որը գտնում է տանտիրոջ մահացած կնոջ փակի տակ պահվող այգին ու վերակենդանացնում այն: Հետաքրքիր ու բարի մանկական գիրք է, մեծ սիրով եմ կարդացել:

Երևի 5-րդ դասարանում էի, որ այդ գիրքը ձեռքս ընկավ: Արձակուրդները նոր էին սկսվել: Մի շաբաթում գիրքը կուլ տվեցի, ու քանի որ եղանակն էլ տաք էր, որոշեցի մի փոքրիկ այգի գցել: Բարձրահարկ շենքում այգի ստեղծելը մի քիչ բարդ է, ինքներդ եք հասկանում: Բայց մեր շենքից ոչ հեռու, նոր կառուցվող հսկայական զբոսայգու քարե ցանկապատի տակ ազատ ամայի հողեր էին մնացել: Ընկերուհուս հետ մի փոքր հողակտոր մաքրեցինք քարերից ու մոլախոտերից: Եսիմ որտեղից մի փոքրիկ բահ ճարեցինք ու հողը փխրեցրինք: Տնկիներ ու ծաղիկների սերմեր ճարելու համար որոշեցի գնալ պապիկիս մոտ բուսաբանական այգի (նա այնտեղ պահակ էր աշխատում): Ոգևորությանս չափ չկար: Լույսը բացվելուն պես վազում էի իմ «այգին», մոլախոտերի ամենափոքրիկ ցողունները պոկոտում, շարում քարե պարիսպը` գրքի մեջ էլ էր պարիսպը քարից ու շա՛տ բարձր էր: Ու մտատանջությունների մեջ էի, թե վարդի թփեր որտեղի՞ց ճարենք: Քանի որ գրքում չորացած ծառերը վարդի թփերով էին ծածկվել ու գարնանը ծաղկել էին: Գեղեցիկ խորհդանշական մի դրվագ էր, և անպայման ուզում էի ես էլ ունենալ, չնայած չորացած ծառ չունեի:

Հերթական մի օր լույսը բացվելուն պես վազեցի «այգիս»: Հասնելուն պես կարկամեցի: Իմ այգում բահը ձեռքին մարգեր էր փորում մեծ գլխով ու բութ հայացքով մեկը, երևի ավարտական դասարանի մի տղա: Կողքն էլ երևի մայրն էր կանգնած: Միջին հասակի, գեր, մազերը «կոս» արած, վերին շրթունքի վրա սև կոշտ մազերով տգեղ կին էր: Ինձ տեսնելուն պես ձեռքերը տարածեց ու գոռաց. «Կորի՛ էստեղից, էս իմ հողն ա»: Տղան էլ բահը խրեց հողի մեջ, հենվեց վրան ու քմծիծաղով ինձ էր նայում: «Բայց մե՛նք եմ մաքրել», - պաշտպանության շատ երկչոտ փորձ արեցի: Կինը սկսեց ճչալ: Չեմ հիշում, թե ինչ, բայց տպավորությունն այն էր, որ եթե չփախչեմ, էդ խոսքերի կեղտն ու ցեխը ինձ է դիպչելու: Փախա, մտա կողքի կառուցվող շենքի պանելների կույտի տակ ու լացեցի: Շոկի մեջ էի: Իմ «այգու» շուրջ խոպան անմշակ հողեր էին, ոչ ոք իրենց չէր խանգարում դրանք վերցնել ու բանջարանոց սարքել: Բայց երևի հետևել-տեսել են, որ մաքրում ենք, որոշել են գալ ու պատրաստի հողակտորն իրենցով անել:

Դա առաջին հանդիպումս էր մարդու այս սպեցիֆիկ տեսակի հետ: Ծնողներիս չբողոքեցի` մամաս Մոսկվայում էր մի քանի շաբաթով, պապան էլ աշխատանքից երեկոյան նոր կգար, և հետո, պապային ի՞նչ ասեի էդ կնոջ մասին: Հիշում եմ, որ պապաս երեկոյան փորձում էր հասկանալ, թե ինչ է պատահել և ինչու եմ տխուր, բայց բերանս ջուր էի առել` խոսքերը չէին դասավորվում: Երևի շոկի մեջ էի դեռ: Պապան էլ կարծեց, թե ընկերուհուս հետ եմ կռվել, չեմ ուզում ասել: Ցավոք, նույնիսկ վրիժառության նշույլ ուղեղումս չառաջացավ: Նորմալ երեխան կգնար ու եղած-չեղածը կպոկոտեր, կփչացներ, իսկ ինձ պես աննորմալը քաշվեց իր խեցու մեջ ու միայն այդ կողմերով անցնելիս գլուխը թեքում էր, որ իրենց լոբա-կարտոֆիլա-դդմիկախառը բանջարանոցը չտեսնի: Ու մինչև հիմա էլ բանջարանոց չեմ սիրում: Գաղափարը նույնիսկ.. )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել