Ադրբեջանում կալանքից վաղաժամ ազատ են արձակվել 420 բանտարկյալներ: Իլհամ Ալիևի համաներումը տարածվել է նաև մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալների վրա, այդ թվում՝ մի խումբ ակտիվիստների, լրագրողների, ընդդիմադիր գործիչների: Այս համաներումը ներկայացվում է որպես Ալիևի վարչակազմի նախաձեռնած «բարեփոխումների» մի մաս, ըստ որի՝ երկրի ներսում սոցիալ-տնտեսական փոփոխություններ պետք է տեղի ունենան՝ նվազագույն աշխատավարձի բարձրացում, հարկային փոփոխություններ, փոքր ու միջին բիզնեսի զարգացում և այլն։
Նշենք, որ այս պահին Ալիևի կողմից նախաձեռնված «բարեփոխումները» պատահական չեն և ունեն իրենց պատճառները: Նախ և առաջ Ալիևի համար լուրջ անհանգստության տեղիք են տվել երկրում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների արդյունքում դժգոհությունների խորացումը և դեռևս հունվար ամսին Բաքվում ընդդիմադիրների անցկացրած բազմամարդ բողոքի ակցիաները, և այսպիսի քայլերի միջոցով Ադրբեջանի նախագահը նպատակ ունի մեղմել ընդդիմադիրների դժգոհությունը:
Մյուս կողմից՝ Ալիևը տարիներ շարունակ տարբեր երկրներից ձեռք է բերել միլիարդավոր դոլարների զենքեր: Եվ ձեռք բերված սպառազինության արդյունավետությունը ցույց տալու համար Բաքուն պարբերաբար դիմել է Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտ զորքերի շփման գծում լարվածության մեծացմանը՝ երկրի բնակչության աչքում արդարացնելու, թե ինչու են այդ գումարները ծախսվել սպառազինությունների ձեռքբերման վրա և չեն ներդրվել տնտեսության մեջ, ուստի Ադրբեջանի նախագահի նախաձեռնած սոցիալ-տնտեսական փոփոխությունները նպատակ ունեն նաև մեղմելու դժգոհությունների կուտակումը՝ կապված ահռելի չափերով գումարների՝ տնտեսական տեսանկյունից անարդյունավետ օգտագործման հետ:
Բացի այդ՝ նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի փոփոխության պայմաններում արևմտյան երկրների համար Արդբեջանը սկսել է կորցնել տարածաշրջանում իր հատուկ կարևոր նշանակությունը: Եվ այս «բարեփոխումների» գործընթացի մեկնարկով Ալիևը նպատակ ունի միջազգային հանրության աչքում Ադրբեջանը ներկայացնելու որպես ժողովրդավար երկիր և նոր ներդրումներ ներգրավելու երկրի տնտեսության մեջ: Այսպիսով՝ Ադրբեջանի նախագահը դիմում է իրեն ոչ բնորոշ քայլերի՝ իր դիրքերի էլ ավելի թուլացումը կասեցնելու համար: