Նրան կոչում էին Բհաբու՝ հայրիկ, ինչպես նաև Ազգի հայր և Մահաթմա, որ նշանակում է մեծ ոգի:
Նրա իսկական անունը Մոհանդաս Կարմաչանդ Գանդի էր, և նա, անառարկելիորեն, ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից էր: 1948 թվականի հունվարին՝ Հնդկաստանի անկախություն ձեռք բերելուց վեց ամիս հետո, Գանդիին սպանեցին և աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ հարցնում էին` ինչո՞ւ:
Բրիտանացիները հեռացան Հնդկաստանից՝ այստեղ թողնելով աննախանձելի ժառանգություն. երկրամասը բաժանված էր հինդուսական Հնդկաստանի և մահմեդական Պակիստանի: Կրոնական պատերազմը շարունակվում էր: Մահմեդականները սպանում էին հինդուսներին, իսկ վերջիններս իրենց հերթին ոչնչացնում էին մահմեդականներին, հողին հավասարեցնում նրանց գյուղերը: Քաղաքների առանձին շրջանների բնակիչներն իրենց հին հաշիվներն էին մաքրում, սեփական երկրում վտարանդի դարձած միլիոնավոր մարդիկ առանց միջոցների, առանց նպատակի ու հույսի հարյուրավոր կիլոմետրեր էին անցնում: Կրոնախև մոլեռանդները հարձակվում էին ուժասպառ գաղթականների վրա և անգթորեն սպանում:
Զանգվածային բռնությունների դեմ ելավ ակնոցավոր, չորուկ ծերունին, հացադուլ հայտարարեց: Բոլորը գիտեին, որ չի դիմանա ու կմեռնի․ չէ՞ որ արդեն յոթանասուն տարեկան էր:
Մահաթմա Գանդին հացադուլն սկսեց հունվարի 12-ին ու մինչև կիրակի՝ մինչև 18-ը, միայն մի քանի կում ջուր խմեց: Նրա առողջական վիճակն օրեցօր վատանում էր: Աշխարհը, շունչը պահած, հետևում էր, թե ինչ վախճան է ունենալու ծերունին, որ մենակ ելել էր միլիոնավոր գրգռված կրոնամոլների դեմ: Հնդկաստանում սկսեցին խոսել եղբայրասպան պայքարին վերջ տալու մասին: Գանդին հայտարարեց, որ նարնջի հյութի առաջին բաժակը կխմի, երբ կապահովվի հինդուսների և մահմեդականների խաղաղ գոյակցությունը: Մահմեդականների առաջնորդը գոհունակությամբ ընդունեց Գանդիի հայտարարությունը և իր ուրախությունը կիսեց միտինգին մասնակցող մի քանի հարյուր հազար հինդուսների ու սիկհերի հետ:
Նույն օրը՝ կեսօրից հետո, երկու կողմերի ներկայացուցիչները Գանդիի ներկայությամբ ստորագրեցին հաշտության պայմանագիրը: Մահաթման խմեց նարնջի հյութի առաջին կումը: Երեկոյան հայտարարեց, որ հաշտությունն անհրաժեշտ է ոչ միայն Դելիին, այլև ամբողջ Հնդկաստանին ու Պակիստանին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունեցավ Պակիստանի արտաքին գործերի մինիստրը և անսքող գոհունակությամբ խոսեց հաշտության մասին. «Մահաթմա Գանդին հասավ իր նպատակին. մեր երկրամասում բարեկամության ու խաղաղության ոգին է թագավորում»:
Մինիստրի պնդումն ակնհայտ չափազանցություն էր: Ծայրահեղականները զենքերը վայր դնելու մտադրություն չունեին:
Մահաթմա Գանդին ապրում էր Դելիում՝ իր վաղեմի բարեկամի՝ արդյունաբերող Բիրլի ընդարձակ առանձնատանը: Բիրլի դղյակը բարձր պարսպով շրջափակված մի մեծ ու հին այգի ուներ: Անհամար հացադուլներից հյուծված ծերունին այստեղ համամատաբար խաղաղ կյանքով էր ապրում: Նրան խնամում էին թոռնուհիները՝ Մանուն և Ավան:
Դղյակում նաև զինված պահակախումբ կար, որը Գանդիին պաշտպանում էր երկրպագուների սիրուց և թշնամիների ատելությունից: Գանդին ավելի շատ սուրբ է, քան քաղաքական գործիչ, ավելի շատ աստծո առաքյալ, քան բարենորոգիչ: Գանդին բարեգթության մարգարեն է, ժամանակակից Հնդկաստանի ապրող առասպելը: Այս լայնարձակ ու թշվառ երկրում Գանդիի նմաններին անհիշելի ժամանակներից պաշտել են:
Հունվարի 30-ին՝ ուրբաթ օրը, մոտավորապես ժամը չորսին, Բիրլի դղյակ եկավ Գանդիի երբեմնի ամենամտերիմ գործընկերը՝ Սարդար Պատելը, որն արդեն ներքին գործերի մինիստրն է, հնդկական կառավարության փոխնախագահը: Սարդար Պատելը Գանդիի ամենաանհաշտ հակառակորդն էր: Սովորության համաձայն՝ Գանդին նրան ողջունեց պատշգամբում, ապա միասին ներս գնացին և շուրջ մեկ ժամ բանակցություններ էին վարում:
Շատերի համար Մահաթման աստված էր, այդ պատճառով էլ որոշակի պարտավորվածություններ ուներ հավատացյալների հանդեպ: Ամեն օր՝ ժամը հինգին մոտ, երբ արևը մայրամուտ էր թեքվում, և արմավենիները ստվերում էին դղյակի բակը, Գանդիի երկրպագուները, ինչպես նաև բազմաթիվ հետաքրքրասերներ հավաքվում էին այգում՝ մասնակցելու հերթական միտինգին: Ամենօրյա հավաքույթներն ավելի շատ ժամերգություն էին հիշեցնում, քան միտինգ: Այնուհանդերձ, հնդկական ռադիոն պարբերաբար հաղորդում էր Մահաթմա Գանդիի ելույթները:
1948 թվականի հունվարի 30-ին սովորականի պես այգում շուրջ հազար մարդ էր սպասում: Ժամանակն անցնում էր, բայց Մահաթման չկար: Թոռնուհիներից մեկը՝ Մանուն, դղյակ մտավ և պապին հիշեցրեց, որ արդեն ժամանակն է: Պատելը հարգանքով գլուխ տվեց և դուրս եկավ:
Փոքրամարմին ծերունին, որի միայն կաշին ու ոսկորներն էին մնացել, բամբակյա սպիտակ դհոտայի ծայրերը հավաքեց, հագավ մաշիկները, ոտքի կանգնեց, ուսին գցեց քաշմիրյան ծածկոցը և գնաց դեպի սանդղեվանդ, որպեսզի ելույթ ունենա երկրպագուների առջև: Մանուն սեղանից վերցրեց պապի նոթատետրը, գրիչը, ակնոցի տուփը և թուլացած ծերունուն առաջարկեց հենվել իրեն: Մյուս կողմից Գանդիին պահում էր Ավան:
Մահաթման քայլում էր դանդաղ, արժանապատվորեն, ապա կանգնում էր և, ձեռքերն իրար սեղմելով, պատասխանում ամբոխի ողջյուններին: Ամբոխը հարգանքով ետ էր քաշվում, որպեսզի տեղ տա նրան: Մարդկանց սպիտակ ծովում միայն մեկն էր կանաչ-շագանակագույն վերնաշապիկով: Նա խցկվում էր մարդկանց արանքը, ճիգեր գործադրելով հասնում Գանդիին, կոպտերեն մի կողմ էր հրում Մանուին և արագորեն կռանում, ասես ուզում էր, հնուց եկած սովորության համաձայն, մաքրել Մահաթմայի մաշիկների փոշին:
Ծերունու առաջ խոնարհված անծանոթը գրպանից հանում է ատրճանակը և կրակում: Գնդակներից երկուսը դիպչում են Գանդիի սրտին, իսկ երկրորդը՝ որովայնին:
- Հե՜յ Ռա՜մ: Աստված իմ,- գոչում է Գանդին ու փլվում:
Ձյունաճերմակ դհոտան սկսում է կարմրել: 1948 թվականի հունվարի 30-ն էր, ժամը՝ տասնյոթն անց տանյոթ:
Ահաբեկիչը փորձեց ինքնասպանություն գործել: Ատրճանակն արդեն հպել էր քունքին, բայց մարդիկ հարձակվեցին նրա վրա: Քիչ էր մնացել՝ բանը վերջանար ինքնադատաստանով, բայց Գանդիի թիկնապահն այս անգամ ժամանակին վրա հասավ: Մարդասպանին փրկեց զայրացած ամբոխի ձեռքից, որպեսզի արդարադատության ձեռքը տա:
Մահաթմա Գանդին մահացավ: Մարդասպանին տարան ոստիկանատուն: Երեսունյոթամյա ահաբեկչին կոչում էին Նաթուրամ Գոդսե:
Գանդիի մահվանից 71 տարի հետո էլ համոզվում ես, որ Հնդկաստանը չի մոռացել իր բհաբուին: Չի կարող մոռանալ, քանի դեռ Գանգեսում լողում են մեռած երեխաներ… Հնդիկները Գանդիին չեն մոռանա, քանի դեռ սրբերի կարիք ունեն, քանի դեռ հավատում են, որ թշվառությունն ու քաղցը թեև տհաճ, բայց կարճատև կանգառ են երանության անվերջանալի ճանապարհին… Այսօր հնդիկների թիվը հասնում է 1,2 միլիարդի, և նրանց մեծամասնությունը հավատում է ճակատագրին:
Ռաջ Գհատը Դելիի տեսարժան վայրերից է. այստեղ են այրել Գանդիի դիակը:
Օտարերկրացիներն այստեղ են գալիս հետաքրքիրասիրությունից դրդված, սակայն հնդիկները, ներառյալ նաև եվրոպական կրթություն ստացած երիտասարդները, Ռաջ Գհատ հասնելուն պես երկյուղածությամբ հանում են կոշիկները, ասես սրբավայր են մտնում:
Աջ կողմի փոքրիկ շենքում Մահաթմային նվիրած և նրա հեղինակած գրքերի վաճառատուն կա: Մահաթմայի գրքերը թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Ոչ միայն Հնդկաստանը․ Գանդիին չեն մոռանում նաև մյուս երկրներում:
Ուրեմն՝ ինչո՞ւ սպանեցին նրան: