Մարտի 16-ին Օմարի դիրքերում զոհվեց Հեթանոս Գագոն։ Գագոն զոհվեց, բայց իր պարտքը հայրենիքի հանդեպ կատարեցին իրեն հաջորդող սերունդները։ Ծանոթանում ես նրա գործողություններին ու հասկանում ես, որ դիրք պահելը, հող պահելը հայ զինվորի արյան մեջ է։
Հեթանոս Գագոն 1994 թվականի մարտի 16-ին զոհվեց ճիշտ նույն կերպ, ինչպես զոհվեց Ադամ Սահակյանը 2016 թվականի ապրիլին, ճիշտ նույն կերպ, ինչպես Աբաջյան Ռոբը, Ուրֆանյան Արմենակն ու մեր պատմության մեջ մեր բոլոր զոհերը, ովքեր ընկան հայրենիքը պաշտպանելիս։
94 թվականի փետրվար ամսին Գագոյի զորքը զբաղեցնում էր Օմարի լեռնանցքի վրայի դիրքերից մեկը։ Ադրբեջանցիները այդ ժամանակ, պատրաստվելով հարձակման, կենտրոնացնում էին ուժերը։
Հարձակումը տեղի ունեցավ մարտի 13-ին։ Ադրբեջանցիները սկսեցին զանգվածային գրոհ։ Ադրբեջանական զորքը մեկ օր կարողացավ պահել հարձակումն ու այդ ընթացքում չկարողացան ճեղքել պաշտպանությունը և կրելով ծանր կորուստներ՝ մարտի 14-ի առավոտյան հետ քաշվեցին։
Հաջորդ հարձակումը տեղի ունեցավ հենց մարտի 16-ին։ Առավոտից մշուշը ծածկել էր լեռները։ Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր։ Զորքի կյանքը փրկելու համար Գագոն հրամայեց, որ նրանք նահանջեն, իսկ ինքը կպաշտպանի նրանց։
Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագոն շարունակում էր պաշտպանությունը։ Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ էր անցնում՝ ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ։ Թշնամին կրում էր այնքան կորուստներ, որ, չդիմանալով այդ ամենին, դադար առավ։ Հեթանոս Գագոն կարող էր նահանջել, բայց մնաց դիրքում՝ վիրավոր, որպեսզի զորքն ապահով տեղ հասնի։
Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը։ Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել։ Գագիկը շարունակեց կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Թշնամին չէր հավատում, որ իր դեմ կռվում էր ոչ թե զորք, այլ մեկ զինվոր։
Նույնիսկ ադրբեջանցի հրամանատարը, տեսնելով, որ Գագիկը միայնակ է կռվել իր զորքի դեմ, Գագիկի դիակին ձեռք չէր տվել։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ գրավեցին երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն։ Թշնամին, հարգելով Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը, որը վերջին պահին պայթեցրել էր, որպեսզի ևս մի քանի թշնամու կարողանա ոչնչացնել։
Ապրիլյան մարտերի ժամանակ մեր տղերքը ևս նույն կերպ էին պաշտպանում իրենց դիրքերը և հայրենիքը։