Երևանում հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փոխանակվել են դժգոհություններով՝ կապված արտաքին քաղաքական մի շարք հարցերի հետ:

Ըստ ԱԺ լրատվական ծառայության՝ ԱԺ նախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորմանը:

«Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձեւակերպումներն այսուհետ եւս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում», – ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018 թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաև Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձեւակերպումներ:

Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր է, որպեսզի իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչվեն ոչ միայն խոսքերով,  նա  դատապարտել է Արցախի Հանրապետությունից պատվիրակությունների այցերն Աբխազիա և Հարավային Օսիա:

Ս. Զուրաբիշվիլին հայտարարել է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացը և դրանց լուծման հարցում համագործակցությունը երկու երկրների համար կարևոր է:

«Եթե մենք խոսում ենք երկրի շահերի մասին, ապա հիմնական և միակ հետաքրքրությունը մեզ համար այն է, որ մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչվեն և ճանաչվեն ոչ միայն բառերով, այլև փաստացիորեն», – ասել է Ս. Զուրաբիշվիլին:

«Այդ տեսանկյունից շատ տխուր է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակություններն այցելում են Աբխազիա և Հարավային Օսիա և հարցեր են բարձրացնում այնպես, կարծես դրանք նույն տիպի հակամարտություններ են և որոնում են որևէ համաչափություն: Դա շատ տխուր և ցավալի է մեզ համար», – հայտարարել է Վրաստանի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել