«Օբիժնիկությամբ» ջրված խոտը երբեք չի աճի, ծառի արմատը չի բռնի, քաղաքացու սիրտը չի ուրախացնի։ 
Հանրային գերակա շահը քաղաքացու ապահով լինելն է, ոչ թե օբիժնիկությանը տեղի տալը։ Հանրային գերակա շահը քաղաքը հյուրընկալ ու կանչող դարձնելն է՝ նախ՝ քաղաքի բնակչի համար, ու բիզնեսմենն էլ է էդ բնակիչը, սպասարկման ոլորտն էլ ամենագործունն ու մարդակենտրոնն է։ 

Թաղապետի ու քաղաքապետի՝ տարիներ ի վեր էդ սրճարաններում ժամանակն ու հյուրասիրությունները վայելելը, հյուրերին բերելն ու օպերային որևէ ներկայացումից հետո ընտանիք-ընկերներով երևանյան գիշերները վայելն էլ է գերակա շահ։ Գազոնին չեք էլ թողնելու նստել, նստարաններին կավելանան անվճար թամաշա անողներն ու իրար հերթ չտալով ավելի հեռու թքողները։ Դա էլ հո չե՞ք կանխի։ Ինչպես որ չեք կարողանում տարրական հարցեր լուծել, հացի հարցեր լուծել, ինչպես որ այդպես էլ չսովորեցիք երկխոսել։ 

Նախկինները մի դրական բան ունեին՝ վախ։ Հիմա դուք ոչնչից վախ չունեք, որովհետև, ձեր կարծիքով, մեր ժողովուրդը կամք չունի։ Էնքան եք թերագնահատում մարդու, անհատի կամքը, որ ամեն տեղ հակահեղափողության ստվեր եք փնտրում։ Պարոնայք, ձեր չտեսությունն ու օբիժնիկությունը միայն ձեր անձնական խնդիրն են, մի փաթաթեք հանրության վրա, այլապես խաղաղասեր ու հպարտ քաղաքացին կդառնա ջղային ջրհեղեղ ու ձեզ տակով կանի...

Էսօր անձրև եկավ, ջրեց կիսաքանդ արված տարիների աշխատանքը, ջրեց փողոցները, որոնց վրա առանց այն էլ չեն երևում փողոցի գծանշումները, գերակա շահն էդ անտեր փողոցների ԺԱՄԱՆԱԿԻՆ վերանորոգումն ու գծանշումներն են, որ մարդիկ կուրեկուր ու անընդհատ չընկնեն վթարի մեջ։

Կյանքի նկատմամբ ու կյանքի որակի բարելավումն է գերակա շահը, քաղաքացու պաշտպանությունը, ոչ թե ստորացումն այս աստիճանի։ 
Հպարտ քաղաքացուց թաց տեղ է մնացել՝ անկախ անձրևից։

Իսկ 10 ամիս շարունակ գեներացված ատելությունը թույնի պես կաթիլ առ կաթիլ լցվելու է նույն ատելությամբ եկած կառավարության, կյանքի սև ու սպիտակի ճեղքում թաքնված քաղաքապետի ու իր կյանքի միակ հաջողված «քանդման» պրոյեկտն իրականացնող Կենտրոնի թաղապետի երակները։

Երբ էս շաբաթների ընթացքում իր աշխատանքի ու գոյության իրավունքի համար պայքարող քաղաքացուն տույժի եք ենթարկում, հիշեք, որ անկարգություններ ու քաղաքացիական անհնազանդություն կոչվածով ոմն խուլիգան, ինքնահռչակ, վատ խմբագիր ու 2008-ից անընդմեջ անկարգություններ հրահրող իրեն հռչակեց վարչապետ, ու ամիսներ անց «օրինականացրեց» ինքն իրեն առաջադրելով ու ընտրելով։ Այսպիսի «լեգիտիմության» պայմաններում մնում է միայն հիշեցնել պոեզիա սիրող ղեկավարներին Սևակի բանաստեղծությունը.

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,
Լսո՞ւմ եք, տղե՛րք,
Վե՛հ ու վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
Այն էլ ո՞ւմ համար, իր ... Սահարայի՜:
Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
Բայց Սահարայի ավազն իսկապես
Շինարարական շաղախ չի՜ դառնում.
Մանր է չափազանց:

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
Հարկավո՜ր ավազ:

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը
Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
Որ հավասար է...(բառը չե՛մ ասում):
Եվ բավական չէ՞,
Որքան մերպեսին
Այլասերեցին այդ պատրանքները՝
Այդ հանդերձափոխ գործակալները... (բառը չե՛մ ասում):

Թե բավական է՝
Հուղարկավորման լռությամբ լռենք
Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
Սին պատրանքների ճակատի համար...

Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,
Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),
Որ տարածվում է... խոնավության պես
Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:

Անգե՛տ տղաներ, մի՞թե չգիտեք
Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,
Պատրա՜նք պատանքում:

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
Այլ սուրբ ավյուն է
Ու սուրբ արյուն է,
Որ պիտի տա ծիլ
Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
Այլ իբրև ... պատա՜նք,
Որ... պատառոտվի պատանք-պատրանքը
Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
Նո՜ր ոգին, տղերք,
Նո՛ր ոգին, նո՜րը...

Տղերք, նոր ոգին ձեր մեջ երբեք չի հառնի, դուք մնացել եք բոլոր նախկինների շվաքի տակ, ձեր ամլության մեջ պարզվում է ոչ ոք էլ մեղավոր չէր, այլ միայն դուք ու նորից դուք։ 
Մենք էինք անհեռատես, որ դարձանք ձեր տխմար խաղի գործիքը։

Հարգանքներով՝ 
ՀՀ Հպարտ քաղաքացի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել