Միացյալ Նահանգների պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոն անդրադարձել է 2018թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:

Պետքարտուղարությունը նշում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի պայմաններում, վայելել են հասարակության լայն շերտերի վստահությունը, որն էլ պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով:

«Քաղաքացիական իշխանությունները պահպանել են արդյունավետ վերահսկողությունն անվտանգության ուժերի նկատմամբ»,-նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանն առաջին անգամ իրապես մրցունակ ընտրություններ անցկացրեց:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների հարցերին, որոնց ամենայն մանրամասնությամբ անդրադարձել են Պետդեպում, ապա դրանք ներառում են՝ կտտանքներ, ծանր, կյանքի համար վտանգ ներկայացնող բանտային պայմաններ, կամայական ձերբակալում և բերման ենթարկում, լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն, հավաքների ազատության իրավունքին անվտանգության ուժերի ֆիզիկական միջամտում, քաղաքական գործընթացներին մասնակցության սահմանափակումներ, կառավարությունում կանոնավոր կոռուպցիա, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հանցագործություններ, այդ թվում՝ բռնություն և սպառնալիքներ, սահմանափակ կարողություններով մարդկանց նկատմամբ ոչ մարդկային, տգեղ վերաբերմունք, մանկական աշխատուժի շահագործման վատագույն ձևեր:

Թվարկված կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ Պետքարտուղարությունը մանրակրկիտ վերլուծություն է ներկայացրել:

Միևնույն ժամանակ կառույցը նկատել է, որ նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել չարաշահումը՝ հատկապես կառավարության բարձր մակարդակներում ու իրավապահ մարմիններում, պատժելու ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել