ԱՄՆ-ի արևմտյան ափի ամենախեշոր գեղարվեստի կենտրոնում՝ Լոս Անջելեսի Գեթիի թանգարանում, ցուցադրվում են բացառիկ ու հազվագյուտ հայկական ձեռագրեր, որոնք վերագրվում են միջնադարի տարբեր ժամանակահատվածներին և ներկայացնում են հայկական ձեռագրության լավագույն ավանդույթները։

Ամերիկյան թանգարանի ձեռագրերի ոսկե հավաքածուն  վերջին տասնամյակներում համալրած հայկական չորս բացառիկ ձեռագրերը ներկայացնում ենք Ձեզ։

Էջեր «Զեյթունի ավետարանից»

«Զեյթունի ավետարանը» ստեղծվել է միջնադարի հայ հայտնի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի կողմից։

Այն թվագրվում է 1256 թվականին։ 1994 թ. թանգարանը 1 մլն դոլարով ձեռք բերեց այս Ավետարանի մի քանի էջ։ Ձեռագրի մյուս մասը պահպանվում է Երևանի հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտում՝ Մատենադարանում։

Հայկական Աստվածաշունչ՝ Սպահանից

Գեթիի թանգարանի հիմնական հավաքածուն ընդգրկում է հայալեզու բացառիկ Աստվածաշունչ, որը Սպահանի (Պարսկաստան) հայ մանրանկարիչների՝ Մալնազարի և Ագափիրի ստեղծագործական աշխատանքն է։

Աստվածաշունչը կազմվել է 1637-1638 թթ.։ Դրանում ներկայացվում է Հին Կտակարանի սուրբ պատմությունը։

Մեսրոպ Խիզանի ստեղծագործությունը

Իլյուստրացիայի հեղինակը միջնադարի հայ հայտնի վարպետ Մեսրոպ Խիզանն է (1560-1652 թթ.)։

Այն բովանդակում է նաև միջնադարի մեկ այլ հայ գրիչ-նկարչի՝ Հայրապետի որոշ աշխատանքներ։

Մուտք Երուսաղեմ

«Մուտք Երուսաղեմ» խորագիրը կրող հայկական ձեռագիրը թանգարանի հավաքածուում է հայտնվել 1990-ականների կեսերին։ Այն ստեղծվել է Վանա լճի շրջանում բնակվող նկարիչներից մեկի կողմից 1386-ին, սակայն նկարչի անունն առ այսօր անհայտ է։ Այս ձեռագիրը հայալեզու Աստվածաշնչի մի փոքրիկ հատվածն է, որը չի պահպանվել ամբողջությամբ։

Լոս Անջելեսի Գեթիի թանգարանի ժամանակավոր ու մշտական ցուցադրությունների ընթացքում կարող եք հանդիպել նաև հայկական ձեռագրերի, որոնք թանգարանը ձեռք  է բերել հիմնականում մերձարևելյան աճուրդների ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել