Ադրբեջանը մեկ անգամ արդեն պատերազմում պարտվել է նման գործելաոճի արդյունքում։ Հենվելով քանակական առավելության, քարոզչությամբ ժողովրդին շոյելու վրա՝ հիմա էլ կրկնում է նույն քայլերը, որը կարող է տանել նույն վերջաբանին, ինչը եղավ Արցախի ազատագրման համար մղվող պատերազմի ժամանակ։
Մեծ քանակությամբ զորք, զենքեր, զինվորական տեխնիկաներ՝ անհասկանալի քանակությամբ, որոնց մի մասի մասին նույնիսկ սեփական բանակի հրամանատարական կազմը դեռ գլուխ չի հանում, լցված են ադրբեջանական զինված ուժերի բազաներում։ Ադրբեջանն էլ առիթը բաց չի թողնում դրանց ցուցադրելու համար։
2016 թվականի ապրիլին մեկ անգամ փորձ կատարվեց ամբողջ զինանոցը լցնել առաջնագիծ։ Արդյունքում եղան կորուստներ և 800 հեկտար տարածքի գրավում, որն իրականում չի կարող արդարացնել այդքան կորուստները։ Ու հենց արդարացումից խուսափելու համար մարտական գործողություններից հետո իրական որս սկսվեց որոշ զինվորականների նկատմամբ, ովքեր իրականում ավելի շատ բան էին տեսել, քան պետք էր։ Նրանց մի մասն անհետ կորան, մի մասը սպանվեցին, մի մասը՝ որպես պետության դավաճաններ, մինչև հիմա տանջամահ են արվում ադրբեջանական բանտերում։
Փաստացի, Ադրբեջանը պատրաստվում է մի պատերազմի, որտեղ տարիներ առաջ պարտվել է, բայց պատրաստվում է նույն ոճով, նույն գործողություններով։
Մի փոքր խելք ունենալու դեպքում Ադրբեջանն ավելի շատ պետք է ցանկանա, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծվի, որովհետև պատերազմական գործողությունների այլ պլան չունի, քան ամբողջ զինանոցն առաջնագիծ բերելն է, բայց միայն անիմաստ կրակելով պատերազմ չեն հաղթում, դա իրենք շատ լավ գիտեն։