Ադրբեջանում մարտի 11-ից 15-ը անցկացվող զորավարժությունները քանակով, մասշտաբներով նաև ներգրավված սպառազինությամբ աննախադեպ են. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանն այս զորավարժություններում ներգրավել է այնպիսի զինտեխնիկաներ, որոնք առաջին անգամ են օգտագործվելու զորավարժությունների ընթացքում:

Հարցին` ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն այս զորավարժությունն անցկացնելով, նա ասաց, որ առաջին հերթին Ադրբեջանի յուրաքանչյուր զորավարժություն ՀՀ կողմից ընկալվում է որպես պատերազմի վտանգ, որովհետև պատերազմը հենց այնպես չի սկսվում, պատերազմը սկսվում է ուժերի կուտակումից:

«Եթե պարզապես սկսեին ուժեր կուտակել, հայկական կողմի համար պարզ կլիներ, որ դրանք արդեն պատերազմի նախանշաններ են: Հիմա զինավարժության անվան տակ են կուտակվում, ինչն արվում է նրա համար, որ զգոնությունը թուլացնեն: Հնարավոր է՝ հենց այնպես չեն կուտակվում: Ես ասում եմ` աննախադեպ կուտակումներ են, այսպիսի զորավարժություններ ես չեմ հիշում վերջին մի քանի տարում»,- ասաց Համբարձումյանը:

Փորձագետը նշեց, որ շուտով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում է նախատեսվում, և հենց այդ հանդիպման շեմին այս զինավարժությունը, նոր զինատեսակների փորձարկումը, հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար է:

«Սա նրա համար է, որ ընդգծի Ադրբեջանի ռազմական առավելությունը, որ այդ ճնշումը գործադրվի, որ բանակցություններին հայկական կողմը ավելի ճնշված, ավելի «հնազանդ» լինի»,- ասաց նա:

Նրա կարծիքով` այդ զորավարժությունները շատ մեծ վտանգ են պարունակում և չի իմացվի, թե ինչ կարող է լինել դրանից, մանավանդ որ այն նախապես պլանավորված չի եղել:

Վան Համբարձումյանը նշեց, որ հայկական կողմն ամպայման պետք է մոբիլիզացիա հայտարարի: «Կամ գոնե պետք է պատրաստվեն մոբիլիզացիային, ուժերը պետք է բերվեն մարտական պատրաստվածության: Բացի դրանից, միջազգային հանրությանը պետք է միանգամից սկսել ահազանգել, արդեն հիմա է պետք, որ ՀՀ դիվանագիտական կորպուսն սկսի միջազգային հանրության մոտ այս մասին բարձրաձայնել, որովհետև սա շատ մտահոգիչ է»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել