Armsport.am-ը գրում է․

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ակումբի ղեկավարությանը պահանջներ է ներկայացրել, որոնց բավարարման դեպքում կրկին խաղադաշտ դուրս կգա: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին օրերին Իկարդիի փաստաբանը մի քանի հանդիպում է ունեցել «Ինտերի» տնօրեն Ջուզեպե Մարոտայի հետ:

Իկարդիի ներկայացուցիչը միլանյան ակումբին մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնց կատարումը կնպաստի ֆուտբոլիստի հեղինակության վերականգնմանը:

Մաուրոյի համար առաջնային է, որ «Ինտերի» ղեկավարությունը և գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հրապարակավ բացատրեն, թե ինչու են իրեն զրկել ավագի թևկապից: Ակումբի դիրքորոշման վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին «Ինտերի» ավագի թևկապից զրկվելուց հետո Իկարդին խաղադաշտ դուրս չի եկել: Ավելին, արգենտինացի հարձակվողը դրանից հետո մարզվում է թիմակիցներից անկախ:

«Ինտերը» սկզբում հայտարարել էր, որ Իկարդիի բացակայությունը պայմանավորված է ծնկի վնասվածքով, սակայն օրեր առաջ թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին տեղեկացրել էր՝ բժիշկներն Իկարդիին թույլ են տվել խաղալ, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում խաղադաշտ դուրս գալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել