Երեկ ՀՀ ԱԺ նիստի` կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օֆշորում իր կողմից «պահ տրված» գումարի, հետևաբար ստվերային գործարքի մասին «Հետք»-ի հրապարակած տեղեկությանը սպառիչ պատասխան տվեց` դա լրագրողական հերյուրանք անվանելով: Լրագրողական այդ «հերյուրանքը», սակայն, «ամրապնդված էր» Կիպրոսյան կայքում կախված նյութով: Հավանական է, որ կիպրոսյան օֆշորային կայքը նույնպես, ինչպես Հայաստանի լրագրողական հանրությունը, հերյուրանքի և ՀՀ վարչապետին անվանարկելու նպատակով էր կախել այդ նյութը: Այսպես թե այնպես, ՀՀ վարչապետի պատասխանը սպառիչ էր` սուտ է, այդպիսի բան չկա և չի կարող լինել: Այլ կերպ ասած` նա հայտնեց, որ ինքը չի դա արել, իսկ թե ով է իր փոխարեն արել` ինքը չգիտի: Ինչո՞ւ, այդ դեպքում, վարչապետը դատախազին հանձնարարում է զբաղվել այդ գործի քննությամբ և ուղղակի դատի չի տալիս հերյուրանք տարածողներին: Հանրահայտ է Հայաստանի հասարակության անվստահությունը դատախազական գործերի վերաբերյալ, և եթե դատախազությունը, գործը քննելով, հարյուր տոկոսանոց հերյուրանք համարի վարչապետական օֆշորի պատմությունը, Հայաստանի բնակչությունը հարյուր տոկոսանոց կեղծիք պիտի համարի հանրությունից ծածկված քննության հետևությունը: Վարչապետին տվյալ դեպքում իրավական որևէ սպառնալիք չի ճնշում, թվում է` նրա համար անհամեմատ կարևոր պիտի լինի բնակչության վստահության հարցը: Եթե նա դատարան դիմի, և դատական գործ սկսվի, կողմերից յուրաքանչյուրը բաց, մատչելի կներկայացնի իր փաստարկները: Եվ կիպրական «օֆշորն» էլ ստիպված կլինի պատասխանել, թե ինչու է իր կայքում կախել ՀՀ վարչապետին անվանարկող նյութը: Կիպրական օֆշորում «թաքնվելու» հարցը միանգամից կվերանա, և վարչապետը միանգամայն բաց ճակատով կկանգնի հայկական հասարակության առաջ, դեռ ավելին, ամոթով թողնելով կասկածողներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/207006556118295
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել