Շուրջ 3 օր ֆեյսբուքահամացանցային «ծոմոպահության» մեջ էի, բայց դե ներքաղաքական «գաղջ մթնոլորտը» կթողնի՞, որ նորմալ մտավորականը մի քիչ ազատ շունչ քաշի ու կտրվի վիրտուալ աշխարհից, համացանց չմտնի: Ֆեյսբուքահամացանցային «ծոմապահությունս» հարկադրված ընդհատեցի, երբ հունիսի 12-ին հեռուստատեսությունից տեղեկացա, որ «Շանթի» մեկնաբան-հաղորդավար Արմեն Դուլյանին են ազատել աշխատանքից՝ ֆեյսբուքային ինչ-ինչ գրառումների համար: Հիշեցնենք, որ համանման նախորդ դեպքը «Հայոց աշխարհ» հանրապետականամետ թերթի լրագրող Կիմա Եղիազարյանի ազատումն էր՝ Ֆեյսբուքում քաղաքական որոշակի դիրքորոշման համար. ընդամենը ՝ ամիսներ առաջ: Փաստորեն, ժողովրդավարության սահմաններն էլ ավելի են նեղացվում, ու դառնում ենք Թուքմենբաշու երկրի նման մի բան: Այս երկրում անգամ հին ընկերները կարող են վախենալ բարեւել միմյանց, եթե նրանցից մեկն ընդդիմադիր հայացքներ ունի: Սրա ամենավառ օրինակն այն է, որ ֆեյսբուքային ընկերներիցս մեկը, ում հետ մանկության ընկերներ ենք եղել, վերջերս անսպասելիորեն...ջնջել է ինձ իր ֆեյսբուքային «դրուզյաների» ցուցակից: Դե, երեւի նկատի ունենալով, որ իմ որոշ հոդվածների մեջ քննադատական ուղղվածություն կա այն բուհի ղեկավարության հասցեին, որտեղ ինքը դասավանդում է, ուստի որոշել է խուսափել հնարավոր անախորժություններից: Աստված իր հետ. առավել եւս այն բանից հետո, որ դրանից առաջ արդեն սկսեց չբարեւել: Սա՝ «մեկ առանձին վերցրած քաղաքի» «առաջադեմ» մտավորականի կեցվածքի «լավագույն» դրսեւորում է: Համոզված եմ, որ եթե ես ամեն օր քննադատեի հանրապետության նախագահին, բայց բուհի հանդեպ չեզոք դիրք գրավեի ու այնտեղի գաղջ մթնոլորտին վերաբերվող նյութեր չհրապարակեի (միաժամանակ Ֆեյսբուքում «լայքեր» տալով նաեւ այդ բուհի գաղջ մթնոլորտին վերաբերվող այլոց հրապարակումներին), ապա վերջինս անփոփոխ կմնար իմ հանդեպ, բայց «ինչպե՞ս կարելի» է քննադատել տեղական իշխանություններին կամ նրանց հովանավորյալ բուհական ղեկավարությանը... Սա՝ իմիջիայլոց: Ինչ վերաբերում է Դուլյանի՝ աշխատանքից ազատելուն, ապա ինձ թվում է, Ֆեյսբուքում նրա գրառումները պարզապես առիթ են եղել, իսկ ազատելու որոշումն ավելի վաղ էր ծնվել: Դե անզեն աչքով էլ նկատելի էր, որ Դուլյանն արդեն քիչ էր երեւում էկրանին, զրույցներում չէինք տեսնում, եւ ավելի հաճախ երեւում էին նրանք, ովքեր երկրի նախագահին ուղեկցում էին արտասահմանյան շրջագայությունների ընթացքում: Դուլյանը վերջերս քիչ էր երեւում «Հորիզոն» լրատվականում եւ անգամ Ա.Երկանյանի հետ մշտական զրույցներում չկար: Կարճ ասած ՝ զգացվում էր, որ նրա նկատմամբ սահմանափակումներ են սկսվել. միգուցե՝ էկրանից արտահայտած որոշ մտքերի համար (օրինակ՝ այն բանի համար, որ հայտնեց, թե իրեն «Լասկովի մայ» խումբն ավելի է դուր գալիս, քան՝ «Գայնամսթայլը»... կամ, միգուցե, նրա համար, որ, ինչպես ինքն էր պատմում «Կենտրոնով»՝ կասկածի տակ էր առնում, որ Հայաստանում խոսքի լիարժեք ազատություն կա...): Հետաքրքիր է, կարելի՞ է նույն տրամաբանությամբ աշխատանքից ազատել Հ1-ի «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆոյին, որ արդեն որերորդ անգամ շեղվում է պատմամշակութային ուղղվածության պետական հաղորդման ուղղվածությունից՝ «պեչենու բաղերն» ընկնելով ու քաղաքական «շահարկումների» անցնելով (վերջին հաղորդման ժամանակ, օրինակ, Ֆեյսբուքում ու սոցիալական այլ ցանցերում հանդես եկողներին «օբիժնիկներ» անվանեց: Արդյո՞ք սա քաղաքական պատվեր չէ՝ համացանցի նկատմամբ անվստահություն տարածելու առումով, քանի որ մամուլում ժողովրդավարության պակասի պատճառով շատերն են ստիպված հանդես գալիս համացանցում): Ինքս կողմնակից չեմ մամուլում կամ համացանցում ազատ խոսքը չարաշահելուն կամ հայհոյախոսությանը, բայց, ի վերջո, հո բոլորը չէ՞, որ համացանցն օգտագործում են հայհոյախոսության կամ զրպարտության համար: Միգուցե նրանք իսկապես ինչ-որ բանից «օբիժնիկ» են, բայց հո չի՞ կարելի բոլորին մի արշինով չափել՝ առավել եւս՝ պատմամշակութային հաղորդման հաշվին, ու Ֆեյսբուքին ու համացանցին «ջիհաթ» հայտարարել: Թերթերի մեծ մասը կախում ունի այս կամ այն մեծահարուստից, օլիգարխից, որոնցից էլ «սնվում» է իշխանական բուրգը, բայց եթե որեւէ մեկն ուզում է քննադատել նրանցից որեւէ մեկին, որտե՞ղ հանդես գա, եթե ոչ՝ համացանցում: Վատն այն է, որ Ֆեյսբուքում կեղծանուններն են շատ, ուստի նրանք, ում դեմ քննադատություն կա որեւէ կեղծանվամբ օգտատիրոջ կողմից, նման հրապարակումները «հերյուրանք» են համարում: Նույն կերպ անհամոզիչ են որակվում համացանցային սոցհարցումները, այն պատճառաբանությամբ, որ դրանց քվեարկողների մի մասը կեղծանվամբ օգտատերեր են, եւ հնարավոր է, նույն անձը գրանցվի ու քվեարկի մի քանի կեղծանվամբ: Հնարավոր է, սակայն, որ ոմանք կեղծանվամբ են հանդես գալիս՝ վախենալով պետական սեկտորում աշխատանքը կորցնելուց: Սա եւս վկայում է երկրում ժողովրդավարության պակասի մասին: «Կենտրոն» հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ Դուլյանը թվարկում էր, թե որ ԶԼՄ-ներն են տուժել խոսքի ազատությունից. «Ա1պլյուս»...«Երկիր», Կիմա Եղիազարյան՝ «Հայոց աշխարհից»... Կարծում եմ, սակայն, դեպքերը մեկ-երկուսով չեն սահմանափակվում, իսկ 1998 թվի իշխանափոխությունից հետո խոսքի ազատությունից տուժած մի զոհ էլ Լիզա Ճաղարյանն էր, որ Ազգային ժողովի թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից ազատվեց նրա համար, որ տեղը տեղին ներկայացնում էր թերթում պատգամավորների տխրահռչակ գործունեությունը, իրական գործելակերպը եւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի հրամանով ազատվեց պաշտոնից: Իսկ այդ ազատումը մեծապես նպաստեց թերթի բովանդակային անկմանը: Փաստորեն, «դուզ խոսող» մարդիկ պետք չեն էս երկրին, մտածողներ, ինտելեկտներ պետք չեն, այլ՝ կամակատարներ: Ակամա հիշում եմ վանաձորցի մի կնոջ՝ բարձրագույն կրթությամբ գործազուրկ, որ աշխատանքի տոնավաճառում ինձ հետ զրույցում ասաց. «Սրանց խելացիներ պետք չեն: Ինձ խորհուրդ են տվել, որ աշխատանքի ընդունվելիս շատ էլ ցույց չտամ, որ խելացի եմ»: Եւ մի բան էլ. ինձ համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու տարիներ առաջ «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքից դուրս եկավ Արմեն Դուլյանը: Այդ օրից սկսեցի կասկածել «Ազատություն» ազատությանը:      


ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել