Իշխանափոխությունից հետո կարելի է, իհարկե, այնպիսի հայտարարություններ անել, թե Հայաստանում կլինի նաև տնտեսական հեղափոխություն, բայց տնտեսական համակարգն անմիջապես չի կարող ենթարկվել խիստ փոփոխությունների, իսկ սա նշանակում է, որ այսօր ունենք այն, ինչ ժառանգել ենք նախորդ իշխանություններից, ու տնտեսական հեղափոխություն այսօր ակնկալել պետք չէ: Այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: 

Նրա խոսքով՝ նման հայտարարությունները բերել են նրան, որ այսօր հայտնվել ենք ոչ միանշանակ իրավիճակում, քանի որ հեղափոխությունը ենթադրում է կտրուկ տնտեսական աճ, ինչպես նաև զանազան ծրագրեր ու նախագծեր առկա խնդիրների լուծման համար, մինչդեռ այդ ամենի համար անհրաժեշտ ներդրումային քաղաքականության խթանում ու ուժեղացում չունենք. «Իշխանափոխությունից անցել է 10 ամիս, բայց դեռևս տնտեսության մեջ չենք տեսնում պոռթկումներ, ճեղքումներ, այնպես որ, կարելի է ավելի զուսպ մոտեցում ունենալ «տնտեսական հեղափոխություն» բառակապակցության վերաբերյալ: Ցանկալի կլինի, որ Հայաստանի նման փոքր երկիրը կարողանա իսկապես ամենազանազան խնդիրները՝ հատկապես սոցիալական բնույթի, շուտափույթ լուծել՝ ցածր եկամուտներ, աղքատություն, արտագաղթի մեծ տեմպեր և այլն: Բայց դեռ տեսանելի ու շոշափելի չէ, որ այդ ու այլ ուղղություններով գործունեություն է ծավալվում»,- ասաց Բոստանջյանը: 

Տնտեսագետը նշեց, որ ներդրողների համար կարևոր է այն երկիրը, որը կարողանում է դիմակայել հնարավոր ռիսկերին՝ այդպիսով նվազ ռիսկային դառնալով ներդրումների համար: Ու թեև Հայաստանում հեղափոխություն է եղել, բայց որևէ ներդրողի համար դա չէ կարևոր, այլ կարևոր է հետևյալը՝ արդյոք ռիսկեր կան, թե ոչ. «Նման դեպքում ոչ միայն օտարերկրյա, այլ մեր հայրենակից-ներդրողները չեն գա Հայաստան՝ ներդրում իրականացնելու: Մինչև Հայաստանում իրավիճակը չկայունանա, մինչև չգտնվենք կայուն տիրույթում ու չկարողանանք մեր իրական պոտենցիալն օգտագործել, մեր մրցակցային առավելությունները շատ ավելի բարձր կլինեն, քան այլ պետություններինը, քանի որ մեր երկրում մարդկային կապիտալը համեմատական առումով շատ ավելի բարձր է, քան այլուր»,- հավելեց Վարդան Բոստանջյանը: 

«Ժողովրդի ձայն» ՀԿ փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը ևս չի հավատում, որ այսօր հիմքեր կան տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Ավելին՝ նրա խոսքով, բոլորովին վերջերս ԱԺ կողմից ընդունված կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը նման նախադրյալներ չի ստեղծում, և դրանում արտահայտված թեզերն ամենևին հեղափոխական չեն. «Նիկոլ Փաշինյանը վերջերս մի օրինակ բերեց, որն, ըստ նրա, ցույց է տալիս, որ տնտեսական հեղափոխությունն արդեն Հայաստանում է՝ մատնանշելով մի պայուսակների արտադրամաս, որը մեկ տարվա ընթացքում աշխատատեղերը հասցրել է 25-ի: Կարծում եմ՝ աշխարհը շատ ավելի տեղին ու ցայտուն օրինակներ գիտի, թե ինչ ասել է տնտեսական հեղափոխություն՝ Դուբայ, Սինգապուր և այլն, այդ իսկ պատճառով խոսել տնտեսական հեղափոխության մասին և ներկայացնել նման ծրագիր, ուղղակի անկեղծ չէ»,- ասաց նա: 

Ղուկասյանը նշեց, որ ներկայիս իշխանությունները որպես մեծ ձեռքբերում են ներկայացնում առաջիկա տարիներին ակնկալվող 5% տնտեսական աճը, մինչդեռ նախորդ իշխանությունների օրոք ՀՀ-ում այդպիսի տնտեսական ցուցանիշի աճ արձանագրվել է: Ավելին՝ ըստ վերլուծաբանների ու հաշվարկների՝ տնտեսական աճի 6% ցուցանիշի պարագայում աղքատության մակարդակը և այլ անհանգստացնող ցուցանիշներ կարող են մի փոքր դրական միտում արձանագրել, այսինքն՝ կառավարության կողմից այնքան էլ անկեղծ չէ խոսել 5% աճ ապահովելու ցանկության մասին և դրան զուգահեռ խոստումներ տալ, որ երկրում սոցիալական իրավիճակ է փոխվելու. «Եթե կառավարության ծրագրում ամրագրված է 5% աճ, ապա անհասկանալի է, թե ինչպես են այդ խնդիրները լուծվելու»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ ծրագրում չկան ծրագրեր ո՛չ աշխատատեղերի ավելացման, ո՛չ թոշակների բարձրացման և ոչ էլ կարևոր այլ հիմնախնդիրների մասով, ինչը քաղաքագետի մոտ այն տպավորությունն է թողնում, որ իշխանությունները լուրջ խնդիր ունեն պատասխանատվության հետ և այս կերպ ուղղակի փորձում են պատասխանատվությունից խուսափել: 

«Հայաստանում առկա խնդիրները ոչ թե լոզունգներով, այլ հստակ ծրագրերով ու քայլերով պետք է լուծվեն»,- ընդգծեց նա: 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում Հայաստանում բարելավել ներդրումային միջավայրը, քաղաքագետը նշեց, որ բիզնեսը սիրում է կայունություն, և դա ամբողջ աշխարհում է այդպես, իսկ մի երկիր, որտեղ իշխանափոխություն է տեղի ունեցել և դեռ իրավիճակը չի կայունացել, որևէ ներդրող ռիսկի չի գնա ու չի ներդնի իր միջոցները. «Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել փողոցի միջոցով, և որևէ երաշխիք չկա, որ որոշ ժամանակ անց, երբ իր վարկանիշն ընկնի, մեկ ուրիշը նույն այդ մեթոդով չի փորձի գալ իշխանության: Հայաստանն այսօր միջանկյալ շրջանում է գտնվում, հետևաբար բիզնեսը դեռ զգուշանում է այս ռիսկային գոտում ներդրումներ անելուց»,- հավելեց Արման Ղուկասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել