Որ ասում են Աննա Հակոբյանի հիմնադրամ, ես ըմբռնումով եմ մոտենում, նույնիսկ երբ մամուլն է էդպես գրում․ և՛ կարճ ա, և՛ լեզվամտածողության խնդիր կա դեռ։ Չնայած տպավորություն է ստեղծվում, որ դրանք Աննա Հակոբյանի անձնական շահերի սպասարկման նպատակով ինչ-որ հաշվեհամարներ են։
Իրականում էդ հիմնադրամներն անուններ ունեն՝ «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք»: Աննա Հակոբյանն ընդամենը էդ հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահն է՝ մեկ ձայնի իրավունքով։ Համաձայնել է դառնալ իր հեղինակության հաշվին գումարներ հայթայթելու ու հիմնադրամների դերին ու նշանակությանը ավելի մեծ կարևորություն հաղորդելու համար։
Հիմնադրամներն ունեն իրենց տնօրենները, պատասխանատու ու պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք մշակում են ծրագրային հայեցակարգերը, ղեկավարում աշխատակազմերը, զբաղվում ֆոնդերի հայթայթմամբ, ունենում տասնյակ հանդիպումներ, ստորագրում փաստաթղթեր, պարբերաբար զեկուցում ընդունված ու ծախսված յուրաքանչյուր լումայի համար։
Հիմնադրամներն ունեն իրենց հոգաբարձուները, պատվախնդիր ու «քթի մազ» մարդիկ, էդ թվում՝ ոլորտային լուրջ մասնագետներ, որոնք պարբերաբար հարցեր են բարձրացնում, հաստատում են հայցեակարգերը, մանրամասն հաշիվ պահանջում ամեն ծախսված լումայի նպատակահարմարության համար, նույնիսկ միմյանց հետ վիճում տարբեր հարցերի շուրջ, բայց ի վերջո կոմպրոմիսային լուծումներ գտնում։
Հիմնադրամներից «Իմ քայլը» զբաղվում է սոցիալական, մշակութային, կրթական հարցերով՝ փորձելով համակարգային լուծումներ տալ որոշ հարցերի և ստեղծել ինքնաբավության իրավիճակ տարբեր ոլորտներում։ «Ժպիտների քաղաքը» զբաղվում է զուտ քաղցկեղի դեմ պայքարով, ընդ որում՝ նույն՝ հիմնականում համակարգային լուծումներ տալու քաղաքականությամբ։
Երբեմն Սփյուռքի գաղթօջախներում հանդիպումներ ունենալու, ներկայացնելու, բացատրելու համար անհրաժեշտ են լինում գործուղումներ։ Այդ գործուղումներն արդարացված կարող են լինել միայն այն դեպքում, եթե ներդրված գումարը (ծախսը) նվիրատվությունների տեսքով ետ է գալիս բազմապատկված։ Իմ ունեցած վերջին տվյալներով՝ չարդարացված գործուղումներ դեռևս չեն եղել։ Աննա Հակոբյանը հիմնադրամի միջոցներից իր գրպան գումար չի դնում կամ կատարում գնում, որը հիմնադրամի կանոնադրական նպատակների հետ որևէ կապ չունի։
Հիմա, երբ Աննա Հակոբյանը կոչ է անում նվիրատվություն կատարել հիմնադրամներին, էդ կոչին անդրադառնալուց առաջ էս ոչ էդքան կարճ, բայց, հուսամ, պարզ տեքստն անհրաժեշտ է մտքում վերհիշել, գոնե սկզբունքային պահերը, ու որոշել՝ ուզո՞ւմ եք նվիրատվություն կատարել, թե ոչ։ Ընդամենը դա, ինչը, ի դեպ ու բնականաբար, բացարձակ կամավոր է։ Ու էս ամենի պարագայում ծաղրել-տժժալը կա՛մ միտումնավոր թիրախավորում է, կա՛մ չգիտակցված ինքնանպատակ վարք։ Նույնը կասեմ դրանք Աննա Հակոբյանի հիմնադրամ անվանելու մասին։