Մարգարեն հուշում է` «անգամ արյան պես կարմիր մեղքերը կարելի է ձյունաճերմակ դարձնել, եթե հոժար լինեք լվացվելու և մաքրվելու, իսկ եթե չկամենաք լսել, սուրը կուտի ձեզ»։ (Եսայու մարգարեություն 1:16-20)

Ուրեմն՝ 7 անգամ չափել ու կտրել փրկագործության ճանապարհը։ Երանավետ կյանքի զեխությունը և Բարեկենդանի բերանը փակվելու է առաջին շաբաթվա վերջին կիրակիի հետ։ Հաջորդ շաբաթ իջեցրեք բոլոր վարագույրները և լռեք։ Աստված այդ օրը ևս մեկ անգամ կմեռնի ձեզ համար։ Դուք արտաքսված եք, դուք չկաք, ոչ մի նշան, ոչ մի հաղորդություն չսպասեք Նրանից։ Լռեք, ի սեր Աստծո։

Երրորդ շաբաթն ընդունեք ցնծությամբ՝ Անառակի կիրակին է։ Ծնկի իջեք ու աղոթեք։ Այս օրը Հայրը հենց ձեզ է սպասում։ Նա ամեն ինչ գիտի ձեր մասին, ուղղակի խոսեք, սկսեք զրույցը։ Ապաշխարանքն ամենադժվար բանը չէ, գնացեք անվախ։ Երկրի վրա մեղք չկա, որ Նա չկարողանա սրբել։ Հավաքեք ողջ քաջությունը և խոստովանեք։

Հաջորդ շաբաթն ավելի թեթևացած կմտնեք՝ Տնտեսի կիրակին է։ Հայրը կհասկացնի, որ գողությամբ և ամբարտավանությամբ երկնային գանձեր դիզելը ձեզ կհասցնի դժոխքի դուռը, և դուք ինքնաբերաբար ձեր ձեռքը կվերցնեք Ավետարանը և կծանոթանաք շաբաթվան խիստ պատշաճող «Անիրավ տնտեսի առակին»: 

Հինգերորդ շաբաթ. սա ձեր փրկությունն է։ Զգոն եղեք, ապրեք արարչության հինգերորդ օրվա ու այս կյանքի հինգերորդ դարի խորհուրդը։ Գալիս է Դատավորի կիրակին, որը կհիշեցնի մոռացության մատնվածի մասին․ միտքն է մարդկային բնության վրա դատավոր կարգված, և երբ արդարադատության փոխարեն ժամանում է անպատկառությունը կամ լկտիությունը, արդար Դատավորի դատաստանը չի ուշանում։ Ու հենց այդ պատճառով էլ յոթերորդ՝ Գալստյան կիրակին երկդիմի կթվա՝ Տիրոջ գալստյան խոստումը և լերդացած վախերդ։ Շտապ, շտապ կրկին թերթիր հաջորդ՝ Ավագ շաբաթվա խորհուրդը՝ Վերջին ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Հարությունը, իսկ հիմա ուղիղ նայիր աչքերիս մեջ, ես քեզ ասելիք ունեմ։
Ամբարտավանությունը ժառանգական հիվանդություն է։ Մեղքերի վրա դիզված նյութը հոր անեծքն է որդուն՝ առնվազն յոթը պորտով։ Ահա ինչու են երկնքից ընկնում դիվահար երեխաներ... Չսրբված մեղքը ջրբաժան է քո և Նրա միջև, Նրա, ով այդքան սպասեց քեզ հետ զրույցին և տենչում էր, որ բարձրանայիր դեպի Այնտեղ, դեպի քո Հայրը։ Ոչ։ Սրա մեջ կրոնական ոչ մի պաթոս չկա, անպայման չէ Սուրբ գրքի տեքստերին դիմել ասելու համար, որ դժբախտությունը հենց չխոստովանված մեղքի գարշելի գոյության հետ կենալն է, իսկ դժբախտները ծնում են դժբախտներին․ սա արդեն գիտական պնդում է։

Իշխանությունը կամ Աստծուց է կամ Մամոնայից։ Եթե Վերինից է, ուրեմն՝ հոգևոր կազմվածք ունի, այսինքն՝ խիղճ ու միտք ունի և նրա ոտքի տակի հողը հաց կդառնա մարդկանց ձեռքին, նրան անգամ հրաշքներ գործելու շնորհը կտրվի, երբ նրա երկիրը կախվի անգամ ամենավերջին մազից։

Աստծո մարմինն ուտելուց և արյունը խմելուց հետո փրկչագործական ավելի մեծ ծրագիր մարդը չի կարող հորինել։ Ավելի մեծ ու թանկ զոհաբերությո՞ւն ենք սպասում երկնքից։ Ո՞վ է մարդը։ Մարդը հողն է, որովհետև Արարիչը հենց երկրի հողից ստեղծեց նրան։ Երբ մարդը հեռանում է, հարցրեք՝ ուր ես գնում այ մարդ, թեկուզ նրա համար, որ իմանաք, թե ուր է գնում այն հողը, որը Աստվածատուր հայրենիք է կարծեմ։

Իսկ եթե քո երկիրը ծածկող երկինքն այլևս քեզ չի արձագանքում, ուրեմն՝ քո երկրում տասը արդար էլ չի մնացել։ Ինչո՞ւ։ Որովհետև մարդկանց է վստահված երկինք ու երկիր իրար կապելու շնորհը նույնպես։ Ամենաշատը գիտե՞ք, որ հարցից եք վախենում՝ որտեղ է եղբայրդ։ Դու նրա հիշատակն էլ չես հարգում, եթե սխալվում եմ, հենց հիմա գնա և արածացրու նրա թողած ոչխարներին։ Մեր մեջքն անընդհատ ծեծող այս կարկուտը մի ծանր զրույց ունի մեզ հետ, բայց նախ ուզում է բոլորիս իջեցնել խոնարհության հատակը։

Վարդուհի Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել