Տեխնոլոգիական առաջընթացն, անկասկած, մեր կյանքն ավելի պարզ ու հետաքրքիր է դարձնում, սակայն դրա հետ մեկտեղ ժամանակակից սարքերը վնասում են իրենց օգտատիրոջ ինքնազգացողությանը։ Առաջին հերթին դա վերաբերում է սմարթֆոններին։ Դեռևս տասնամյակներ առաջ ոչ ոք չգիտեր ֆանտոմային տատանման սինդրոմի մասին, իսկ այսօր նրանով տառապում են բջջային հեռախոսների օգտատերերի մոտ 90%-ը։

Կախվածություն սմարթֆոններից

Հետազոտության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի ուսանողներն օրական մոտ 10 ժամ անց են կացնում համացանցում։ Դա երիտասարդներից ավելի շատ ժամանակ է խլում, քան ընկերների և հարազատների հետ շփումը։

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ սմարթֆոնների 5 օգտատերերից 3-ը 60 րոպեից ավել չեն կարողանում անուշադրության մատնել իրենց հեռախոսը։ Մասնագետները կարծում են, որ զանգ կամ հաղորդագրություն ստանալու պահին մենք դոֆամինի և սերոտոնինի չափաքանակ ենք ստանում, որոնք կապված են երջանկության հետ, այդ պատճառով շատ դժվար է հրաժարվել դրական տրամադրության ամենօրյա չափաքանակից։

Խնդիրներ մեջքի հետ

Նկատե՞լ եք, թե մարդիկ ինչ դիրքով են նստում իրենց սմարթֆոնների առջև։ Որպես կանոն, կեցվածքին ոչ ոք չի հետևում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին շատացել են ողնաշարի հետ խնդիրներ ունեցող երիտասարդները։ Երիտասարդության մոտ կեսն այսօր բախվում է այս խնդրի հետ։

Խնդիրն այն է, որ մշտապես թեքված դիրքով մնալու պատճառով ողնաշարի սկավառակները ենթարկվում են ճնշումների։ Այս դիրքով հաղորդագրություն գրելը 22 կգ-ով ավելացնում է մարդու ողնաշարի ճնշվածությունը։

Սթրես և դեպրեսիա

Որքան շատ ժամանակ են մարդիկ վատնում սմարթֆոնների առջև, այնքան ավելի է մեծանում դեպրեսիայի մեջ հայտնվելու հավանականությունը։ Դա կապված է մշտական սպասումների հետ. հաղորդագրություն ընկերոջից, մեկնաբանության պատասխան և այլն։ Սթրեսային կամ դեպրեսիոն վիճակում հայտնվելու համար, ըստ գիտնականների, մարդուն հարկավոր է 68 րոպե անդադար մնալ համացանցում։

Քնի խանգարում

Սմարթֆոնների 18-29 տարեկան օգտատերերի մոտ 63%-ը քնում է հեռախոսը ձեռքին։ Համաձայն հետազոտության՝ որը հրապարակվել է 2015 թվականի սեպտեմբերին, կրկնակի էսպրեսոն ավելի քիչ ազդեցություն է ունենում քնի վրա, քան մութ վայրում վառ լույսի օգտագործումը։ Այս պատճառով մթության մեջ սմարթֆոնների օգտագործումը բացասաբար է ազդում քնի վրա։

Լսողության խանգարում

85 դեցիբելից բարձր աղմուկը կարող է լսողության կորստի պատճառ դառնալ։ Սմարթֆոնների ձայնի առավելագույն բարձրությունը 105 դեցիբել է։ Այս բարձրությամբ 4 րոպեից ավել երաժշտություն լսելը կարող է անդառնալի հետևանքների պատճառ դառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել