Armtimes.com-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Շախմատ» առարկայի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի հետ Խ. Աբովյանի անվան պետական հայկական մանկավարժական համալսարանում: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մանկավարժական համալսարանի մասնագետներ: Հանդիպման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է նախարար Արայիկ Հարությունյանը, շախմատի դասավանդման ընթացքում առաջացած խնդիրների քննարկումն ու դասավանդման արդյունավետության բարձրացումն է: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը «Շախմատ» առարկայի դասավանդման կողմանակից է, սակայն միաժամանակ, ծնողների կողմից բարձրաձայնվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն: Մասնավորապես, դժգոհություններ են հնչում առարկայի գնահատման և տնային առաջադրանքների բարդության վերաբերյալ:
Նախարարին ներկայացվել են մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության արդյունքները: Առարկայի ներդրման արդյունավետությունը մասնագետները սկսել են ուսումնասիրել 2012 թվականից սկսած, այսինքն` ներդրմանը զուգահեռ: Կատարվել է բազմակողմ հետազոտություն` ինչպես է ազդում շախմատի ուսուցումը երեխայի մտածողության, վարքի և առաջադիմության վրա: Մասնագետների համոզմամբ` շախմատը օգնում է սովորողների մտածողության զարգացմանը, ինչպես նաև նպաստում ինքնուրույնությանը: Առարկայի ուսուցումը դրական է անդրադառնում նաև երեխաների ընդհանուր առաջադիմության վրա: Մասնավորապես, ուսումնասիրվել է, թե այլ առարկաներից ինչ առաջադիմություն ունեն 2-4-րդ դասարաններում շախմատ սովորած և չսովորած երեխաները: Արդյուքնները փաստել են` շախմատ առարկան սովորած երեխաներն ավելի բարձր առաջադիմություն են ցուցաբերել: Բացի այդ` 2-4-րդ դասարանների սովորողների շրջանում կատարված հարցումների արդյունքներով երեխաների մեծ մասը «Շախմատը» նշել են սիրված առարակների եռյակում: Հետազոտությունը կատարած մասնագետների գնահատմամբ` առարկայի դասավանդման հետ կապված հիմնական խնդիրները պայմանավորված են ուսուցիչների գործոնով: Նախկինում «Շախմատ» առարկայի դասավանդման փորձ չի եղել: Այն դասավանդվել է խմբակի ձևով, որպես ֆակուլտատիվ պարապմունք: Նախկին խմբակավարները, որոնք հետագայում դարձան դասավանդող ուսուցիչներ, չէին տիրապետում ծրագրային նյութի դասավանդման մանկավարժական և մեթոդական հմտություններին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ