ՀՀ օրհներգը փոխելու այս քննարկումների մեջ ամենաթույլ փաստարկն այն է, թե Խաչատրյանի գրած օրհներգը հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանը: Որպես գիտակից տարիքում Սովետում ապրած մարդ՝ կարող եմ ասել, որ Սովետական Հայաստանի հիմնը Սովետի ժամանակ մեր կյանքում շատ ներկա չի եղել: Սովետական միության հիմնը հիշում եմ, քանի որ այն ներկա էր մեր կյանքում, և հայ մարզիկների պարգևատրման արարողությունները հենց այդ հիմնի տակ էին ընթանում, բայց Խորհրդային Հայաստանի հիմնը չեմ հիշում: Եվ այդ հիմնը չէ, որ պետք է հիշեցնի Խորհրդային Հայաստանը: Այսօրվա Հայաստանի ենթակառուցվածքների 80-90 տոկոսը ստեղծվել է Խորհրդային Հայաստանում: Բնակելի ֆոնդի 80 տոկոսը ստեղծվել է Խորհրդային Հայաստանում: Զբոսաշրջային ինդուստրիայի մաս կազմող պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը վերականգնվել են Խորհրդային Հայաստանում: Դեպի այնտեղ տանող ճանապարհները կառուցվել են Խորհրդային Հայաստանում: Թանգարանների և մշակութային օջախների գերակշռող մասը կառուցվել է Խորհրդային Հայաստանում: Ներկա գյուղատնտեսական ենթակառուցվածքների մեծ մասը ստեղծվել է Խորհրդային Հայաստանում: Հանքարդյունաբերության գերակշիռ մասը ստեղծվել է Խորհրդային Հայաստանում: Դպրոցների և բուհերի մեծ մասը կառուցվել է Խորհրդային Հայաստանում: Մի խոսքով՝ Խորհրդային Հայաստանը հիշեցնող այնքան բան կա, որ Խաչատրյանի հիմնը՝ որպես խորհրդային անցյալի հիշեցում, շատ քիչ տեղ ունի:
3-րդ հանրապետությունը նույնությամբ վերցրեց 1-ին հանրապետության բոլոր խորհրդանիշները, ինչն այնքան էլ ճիշտ չէր, քանի որ, ըստ էության, գործ ունեինք տարբեր պատմական ժառանգությամբ հանրապետությունների հետ: 1990-91-ին իշխող ՀՀՇ-ական շրջանակներում ավելի տրամադրված էին նոր խորհրդանիշներ ստեղծելուն, սակայն Դաշնակցության ղեկավարներ Հ. Մարուխյանի և Հ. Տասնապետյանի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի հանդիպումից հետո Տեր-Պետրոսյանը, որ այդ օրերին գրեթե անառարկելի հեղինակություն էր իշխանության մեջ, պաշտպանեց 1-ին հանրապետության բոլոր խորհրդանիշների նույնությամբ ընդունելու մոտեցումը, ինչը, կարծում եմ, նաև Դաշնակցության հետ որոշակի պայմանավորվածության և համագործակցության հեռանկարի հետևանք էր: Ինչևիցե, հիմա ունենք այն խորհդանիշները, ինչ ունենք, և եթե չունենք 4-րդ հանրապետություն, ապա խորհրդանիշների փոփոխության մասին զրույցը կամ մրցույթն այնքան էլ իմաստավորված չէ: