Անկեղծ, շատ անկեղծ եմ ասում․ ամեն Աստծո օր համակարգչին, լրահոսին եմ մոտենում մի ներքին տագնապով․ տեսնես այսօր ի՞նչ «նվեր» է սպասվում մեզ վերևներից։ Դե, Մշակույթի նախարարությունից «ուրախ» լուրերի պակաս չկա։ Եթե տխուր չլիներ, արժեր մի փոքր ուրախանալ այս անուրախ կյանքում․․․ Բայց շատ-շատերի պես հայրենիքիս տագնապների վրա ուրախացողը չեմ, և հեծանիվ հայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդեն բոլորովին զվարճալի չեն, հիասթափեցնող են, անգամ վարդագույն ակնոց դնելու ներքին հրահանգս չի աշխատում, ու չեմ կարող չընդվզել։
Տղաներ և աղջիկներ, լրջացեք, մի արժեզրկեք ձեր խոսքի արժեքը, թեև այն արժեզրկելու իրավունքը ձերն է։ Բայց այ մեր պետական ինստիտուտներն, ուր հայտնվել եք, արժեզրկելու իրավունք մի՞թե ունեք։
Մի՞թե ինքնաիրավչություն չէ, երբ քաղաքական մեծամասնության ղեկավարն ասում է, որ օրակարգում ՀՀ օրհներգի փոփոխության հարց չկա, ու մեկ էլ նույն խմբակցությունից մի պատգամավոր անհատական նախաձեռնությամբ օրհներգի տեքստի մրցույթ է նախաձեռնում ու մրցութային անձնական աշխատանքային խումբ ձևավորում։ Այսպիսի լիազորություններ որտե՞ղ են ամրագրված, ո՞վ է հաստատել այդ աշխատանքային խումբը և նրան օժտել այդպիսի լիազորություններով։ Ու այստեղ սկսվում է զվարճալին․ հին օրերի ներկայացուցչական կաղապարով այդ աշխատանքային խմբում ընդգրկված արհեստավարժներն իրենց հարց տվե՞լ են՝ ո՞ւմ անունից են հանդես գալիս․ արդյոք Գրողների միությունը, Կոմպոզիտորների միությունը կամ Մայր աթոռը նրանց լիազորե՞լ են իրենց հաստատությունների անունից հանդես գալ։
Տղաներ և աղջիկներ, պետական խորհրդանշանները պաշտպանված են ՀՀ օրենքով, այդ խորհրդանշանների թիկունքում դարերի պատմություն, իղձ և ուղերձ կա, անլրջության դաշտում դրանք արժեզրկելու և անարգելու իրավունք չունեք, օրենքով չունեք (Քր․ օրենսգիրք․ 331 հոդված)։
Գուցե գո՞րծ անեք։