Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը զայրացած է. անհայտ անձինք փորձում են նրա անունից նիհարեցնող դեղահաբեր վաճառել: BlogNews.am-ի հետ զրույցում Լիլիթը մանրամասներ է պատմել և նշել, որ պատրաստվում է դատական գործընթաց սկսել նրանց դեմ:

«Այս պատմությունը սկսվել էր երեք ամիս առաջ, երբ իմ հաճախորդները սկսեցին ասել, որ իմ մրցակիցները լուրեր են տարածում, որ ես սննդի մեջ նիհարեցնող դեղահաբեր եմ ավելացնում: Ես միշտ հարցազրույցների և տարբեր առիթների ժամանակ ասել եմ, որ յուրաքանչյուրը կարող է տանել և ստուգել իմ սնունդը, քանի որ ես ոչինչ չունեմ թաքցնելու: Ինձ համար կարևոր է գործում արդար լինելը։ Հասկանո՞ւմ եք, ինձ մոտ նիհարում են երեխաներ, ավելին՝ իմ երեխան է ուտում այդ սնունդից: Բայց թեման ավելի ծավալվեց, երբ մեկ ամիս առաջ ինձ զանգահարեց իմ ծանոթ աղջիկներից մեկը և հարցրեց՝ արդյոք կարո՞ղ է պատվիրել այդ դեղահաբից, որը տեսել էր ինչ-որ կայքում: Ես մտածեցի՝ գուցե սխալվել է, բայց նա ինձ ուղարկեց կայքը, որտեղ էլ իմ անունից վաճառում են այդ դեղահաբը, ավելին՝ այնտեղ պատմություն կա իմ մասին, իբր ես հարցազրույց եմ տվել, որտեղ էլ ասում եմ, որ նիհարել եմ այդ դեղահաբի միջոցով: Իմ խոսքերն ապացուցելու համար մի աղջկա մեկնաբանություն էր ներկայացված, ով էլ պնդում է, որ դեղահաբն արդյունավետ է: Ես գտել եմ այդ աղջկան։ Ի դեպ, նա անգամ Հայաստանում չի ապրում, բայց պատրաստ է գալ դատական նիստին և խոսել զրպարտության մասին»:

Լիլիթը նշում է, որ զանգահարել է կայքում նշված հեռախոսահամարով, ներկայացել ուրիշի անունով և պատվիրել այդ դեղահաբը. «Ես ունեմ նրանց հետ ձայնագրություն: Նրանց ասացի՝ ճի՞շտ է, որ Լիլիթ Բաբասյանն այս դեղահաբով է նիհարել, ասում են՝ այո, իսկ Լիլիթի միջոցով կարելի՞ է 70 տոկոս զեղչ ստանալ, ասում են՝ գիտեք, զեղչն արդեն ավարտվել է»:

Լիլիթը նշում է, որ իր անունը հաճախ են փորձում արատավորել, բայց եթե հաճախ անտեսել է, ներել, այս անգամ մինչև վերջ է գնալու. «Ես մեծամիտ չեմ, բայց իմ մրցակիցներին շատ բան ներել եմ, թեև կարող էի դատի տալ, ապացուցել, որ մարդիկ փչացնում են իմ համբավը: Ինձ մոտ հիմա հիստերիկա է սկսվել, ես ոչ ոքի չեմ կպչում, բայց միշտ ինձ կպչում են: Ես օր ու գիշեր աշխատում եմ, որ բոլորը գոհ մնան, իսկ արդյունքում ինչ-որ անձինք փորձում են իմ անունից գումար վաստակել՝ ավելի թունավորելով մարդկանց»:   

Այն հարցին՝ արդյոք փորձում են վատությո՞ւն անել, թե՞, ամեն դեպքում, այդպես ապահովում են դեղերի վաճառքը, Լիլիթը պատասխանեց. «Երկուսն էլ: Եթե ես իրոք մի բան լցնեի սննդի մեջ, ես այսքան ծանր չէի տանի, որ մարդիկ իմացան: Ես փաստացի գիտեմ, որ շատ դիետոլոգներ ջրի մեջ L-carnitine են լցնում, և մարդուն ստիպում են իրենց ջուրը խմել, ոչ թե, օրինակ, ծորակից»:

Զրույցի վերջում Լիլիթը նշեց, որ հասնելու է նրան, որ ամբողջ դատական նիստը հեռուստատեսությամբ ցուցադրվի. «Ինձ չի կարելի նյարդայնանալ․ ես սրտի խնդիր ունեմ: Աստված չանի, եթե ինձ հետ մի բան լինի, նրանք դրա համար էլ են պատասխան տալու»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել