Մի քանի օր առաջ «Ինչքան կարմիր կովը կաշին կփոխի, այդքան էլ մեր անձնագրային բաժինները իրենց աշխատելաոճը» վերնագրով գրառում էի արել, քանի որ ոչ մի բացատրություն չգտա, թե ինչու են անձնագրի վավերականության և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարացման կնիքները տրամադրում ոչ թե նույն օրը, այլ իրար հաջորդող օրերին, ինչը ավելորդ անգամ մարդկանց համար գնալ-գալու, աշխատանքից կտրվելու խնդիր է ստեղծում:
Այսօր անձամբ անձնագրային բաժնի պետ պարոն Հովհաննիսյանից ստացա անձնագիրս բոլոր անհրաժեշտ կնիքներով, ով հաստատ ինձ չէր ճանաչում ու գրառմանս մասին տեղյակ չէր, բայց շատ հարգալից ընդունեց ու ճանապարհեց։ Անկեղծ չէր լինի, եթե սրա մասին չգրեի ու շարունակեի դժգոհել, որովհետև այսօրվա մոտեցումից բավական տպավորված եմ, ինչ-որ չափով էլ զարմացած, որովհետև մենք արդեն հազվադեպ ենք հանդիպում նորմալ ու մարդկային վերաբերմունքի՝ սկսած ԺԵԿ-ի պետերից ու նրանց համար կոֆե դնողներից, էլ չեմ խոսում ավելի բարձրաստիճանների մասին (իհարկե, բացառություններ միշտ էլ լինում են)... Հուսով եմ՝ նախորդ գրառումս որևէ խնդիր չի ստեղծի նրա համար, որովհետև անկախ ամեն ինչից, քաղաքացին այսօր ամենաշատը նորմալ վերաբերմունքի կարիք ունի, բայց ամեն քայլի միայն արհամարհանքի է արժանանում։ Հուսով եմ, որ այսօրվա նման վերաբերմունքի կարժանանան անձնագրային բաժիններ և այլ մարմիններ դիմող ՀՀ բոլոր քաղաքացիները՝ առանց սոցիալական կամ այլ տիպի խտրականության։
Հ.Գ. Փաստորեն, ժողովրդական ասացվածքները երբեմն չեն արտացոլում իրականությունը, իսկ ձևավորված կարծրատիպերը կոտրվում են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/4964856927253?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել