Yerkir.am-ը գրում է.

Բրիտանացի 7 պատգամավոր դուրս է գալիս Լեյբորիստական կուսակցությունից` դժգոհելով դրա ղեկավարությունից. հայտնում Է BBC-ն:

Լեյբորիստները, ընդհանուր առմամբ,  256 տեղ ունեն խորհրդարանում: Խորհրդարանականների հեռանալը երկրորդ խոշոր պառակտումն է` 1981 թվականից ի վեր, երբ կուսակցությունից դուրս եկան չորս քաղաքական գործիչներ, որոնք հետագայում ստեղծեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:  

Կուսակցությունը լքողներից մեկը` Լուսիանա Բերգերը, հայտարարել է, որ Լեյբորիստական կուսակցությունը «ինստիտուցիոնալ կերպով հակասեմական» է դարձել:

Խորհրդարանի ևս մեկ անդամ՝ Քրիս Լեսլին, նշել է, որ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբին դավաճանում է Եվրոպային՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններին թույլ տալով Brexit անցկացնել և  հանդես չգալով նոր հանրաքվեի օգտին:

Լեյբորիստական կուսակցությունը լքել ցանկացողների թվում է նաև Չուքա Ումուննան, որը 2011-ից մինչև 2015 թվականը եղել է բիզնեսի եւ ինովացիաների ստվերային նախարարը, Անջելինա Սմիթը, Մայք Գեյփսը (2005-ից մինչեւ 2010 թվականը եղել է արտաքին գործերի կոմիտեի նախագահը), Գևին Շուքերը եւ Էնն Քոֆին:

Բերգերն շեշտել է, որ բոլոր 7 պատգամավորները կմնան խորհրդարանում` որպես «անկախ խումբ»:

Կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբին հայտարարել է, որ վշտացած է կուսակցության անդամների որոշումից, իսկ Լեյբորիստական կուսակցության քաղաքականությունը «միլիոնավորների է ոգևորել» վերջին ընտրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել