Մեկ-մեկ ինձ թվում է, թե Թումանյանը մեր ժամանակակիցն է: «Սուտլիկ որսկանը» դուրս շատ է գալիս, ի դեպ, հեքիաթի որոշ հատվածներ շատ եմ նմանեցնում մեր այսօրվա հայաստանյան իրադարձություններին և դրանց հերոսներին: Քաղաքական գործիչների անվերջանալի պատմությունները, որոնց մեջ հաճախ են նրանք հայտնվում կամ լրատվական դաշտի արձագանքը, որը խեղճ ընթերցողին ցայտնոտի մեջ է գցում: Չքարկոծեք, թե դասականն եմ աղավաղում, պարզապես մի պահ հիշեցի, դեմքիս ժպիտ եկավ ու ասացի ինքս ինձ՝ տեսնեմ ինչ է դուրս գալիս: Ստացվեց այս:
Օրինակ՝ գյումրեցի Վարդանիկենց թախումի դարանակալությունը ու հաշվեհարդարը Քավոր Հարութի ու Շեկոյի նկատմամբ: «Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...»:
Գյուղնախարարության արձագանքը և նախարարի այցը Հայաստանի կարկտահարված մարզեր. «Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք...»
Սևանա լճի խնդիրներ՝ ձկնապաշարի, ջրի բաց թողման և այլն. «Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի»։
ՀՀ Խորհրդարանը գումար է հավաքում կարկտից տուժված գյուղացիների համար.
«— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
Թե՝ թվանք չունեմ։
— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
— Ես էլ չունեմ։
— Չատի... Մատի...
— Մենք էլ չունենք։
— Բա ի՞նչ անենք...»: Բայց թե խեղճ պատգամավորը իր մեկ ամսվա ռոճիկը տա, բա ինքն ի՞նչ ուտի:
Լիսկայի, Լորետայի ու իրենց ընտանիքի մտերիմների, ինչպես նաև հերոս Բուդաղյանների պատմությունը «Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց... Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես...
— Հադի, դանա՜կ...
Թե՝ դանակ չունեմ։
— Հյուդի, դու...
— Ես էլ չունեմ։
— Չատի՞, Մատի՞...
— Մենք էլ չունենք...
Հերս էլ ունի, բերան չունի։
Լիսկայի որդին մարդ է սպանել և աղջկա բռնաբարել (Հղում) «Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի»։
Բանակում գոմեշի մսի շուրջ բարձրացած աղմուկը՝ «Գործել է Գեղամ Հարությունյան-ՊՆ միս մթերող օղակ կոռուպցիոն շղթան: Այդ ապօրինության մասին տեղյակ են եղել եւ լռում են ստուգումներ իրականացնող հանձնաժողովի անդամներ Հակոբ Թադեւոսյանը, Նորայր Նորիկյանը եւ Էդուարդ Մանեւը»,- հայտարարել էր նախաձեռնությունը եւ կոչ արել ՊՆ-ին անհապաղ քննություն սկսել դեպքի առթիվ: (Հղում)
«Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։»
Հայաստանում արտագաղթը հասնում է կատաստրոֆիկ մասշտաբների.
«Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա»։
Լրատվության գործունեությունն ու լրագրողների կիսահում շիլան.
« — Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։
Էս անշունչ պառավը գնաց, դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։
Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը»:
Խեղճ ընթերցողների վիճակը. «Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/543379555703459
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել