«Հետընտրական Հայաստանի գաղջ քաղաքական դինամիկան ընդհատվեց Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմամբ: Մի քանի օր տևած և նախօրեին ավարտված բուռն քննարկումը մեզ վերադարձրեց անցյալ տարվա երկրորդ կես: Նիկոլ Փաշինյանն իր ամպլուային վերադարձավ, որին գուցե կարոտել էր թե՛ ինքը, թե՛ նրա լսարանը: Չկային միայն հանրապետականները: Ներկա չէին ֆիզիկապես, բայց հոգեպես այնտեղ էին` իշխանության ելույթներում, նոր ընդդիմությանը վերագրվող քննադատություններում:

Ինչևէ: Հերթական շոուն ավարտվեց, ու հիմա նորից սկսվում է ժամանակավոր դադար: Ենթադրվում է, որ տնտեսական հեղափոխության մասին խոսելուց հետո, այդ հեղափոխական ծրագիրը հաստատելուց հետո կառավարությունն այժմ ողջ թափով պետք է լծվի դրա իրագործմանը: Ու հենց այստեղ է, որ գուցեև հասարակական որոշակի շերտերի համար դիտարժան շոուն ավարտվում է, սկսվում է արդյունքների գնահատման փուլը: 

Նախորդ ամիսները արդյունքների առումով հուսադրող չեն եղել` անկախ անընդհատ մեջբերվող վիճակագրական այս կամ այն տվյալներից: Այդ արդյունավետությունը հանրային տրամադրություններում չի արտահայտվում: Արդյունքների բացակայությունն, իհարկե, կարելի է միառժամանակ փոխարինել թշնամու որոնումներով, թշնամիներին ջախջախելով ու այդ ամենի շուրջ իշխանություն–ժողովուրդ կոնսոլիդացիան ապահովելով: Բայց այս պրոցեսը կարող է միայն հետաձգել արդյունքների գնահատումը, չեղարկել չի կարող:

Ի վերջո, ցանկացած շոու կարող է հոգնեցնել: Սա` զուտ տեխնիկապես: Հետո էլ հեղափոխությունը չի եղել հանուն շոուների: Նախկինում էլ կային այդ շոուները: Հեղափոխությունը եղել է հանուն արդյունքների: Այնպես որ, այժմ արդյունքներ գրանցելու ժամանակն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել