Ահազանգ
Ընկերներիցս մեկը, ով ծառայում է Արցախի զորամասերից մեկում, իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է մի խնդրի մասին, որ կոչվում է «Զինվորի վրա փող աշխատել»:
Շատերը գիտեն, շատերն էլ գուցե անտեղյակ են ձևանում, որ զորամասերում գործող խանութներում ամեն ինչ շատ ավելի թանկ է, քան սովորական խանութներում:
Զինվորի համար անհրաժեշտություն համարվող ամենաէժան ծխախոտն Արցախի զորամասերում վաճառում են 380-400 դրամով: 10 տուփ ծխախոտի համար զինվորը վճարում է 4300 դրամ, որը հազիվ հերիքում է 7 օրվա: Կոպիտ հաշվարկներով՝ զինվորը մեկ ամսվա ընթացքում միայն ծխախոտի վրա ծախսում է 17 200 դրամ, և դա այն դեպքում, երբ պետությունից ստանում է ամսական ընդամենը 3400 դրամ: Հարգելի խանութպաններ ու նրանց արտոնություններ տվողներ, դուք հասկանո՞ւմ եք, որ ուղղակի փող եք աշխատում զինվորի վրա, էն զինվորի, ով երբեմն ուղղակի մահվան վտանգի տակ սահման է պահում, որ դուք հանգիստ քնեք:
Կա մեկ այլ խնդիր ևս՝ զորամասերում հեռախոսների լիցքավորման քարտերի վաճառքի հետ կապված: 1000 դրամանոց լիցքավորման քարտի դիմաց զինվորը վճարում է 1100 դրամ, 500 դրամանոցի համար՝ 550 դրամ: Ու այսքանից հետո, երբ զինվորը հարցրել է, թե ինչո՞ւ է այդքան թանկ, վաճառողը պատասխանել է.
«Կարո՞ղ ա Ղարաբաղ ծելեկոմ ես եկել»:
Գրառման վերջում զինվորը խնդրում է պատկան մարմիններին զբաղվել այս հարցերով: