Tesla ընկերության կողմից թողարկվող էլեկտրամոբիլներում երկու նոր օպցիոն է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» և «ժամապահի ռեժիմը»: Այս մասին հայտնել են ֆիրմայի ներկայացուցիչները՝ վերջինիս պաշտոնական էջում զետեղելով տեսահոլովակ, որը ցուցադրում է այդ օպցիոնների աշխատանքը:

«Շան ռեժիմը» թույլ է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ դրանք կսատկեն շնչահեղձությունից և բարձր ջերմաստիճանից: Դրա համար տերը պետք է էլեկտրամոբիլի սարքային վահանի սենսորային դիսփլեյի վրա սեղմի համապատասխան կոճակը: Էկրանին կհայտնվեն «Իմ տերը շուտով կվերադառնա» և «70 աստիճան ըստ Ֆարենհայթի (21,1 աստիճան ըստ Ցելսիուսի)» մակագրությունները: Միաժամանակ կմիանա օդորակիչը: Բացի դրանից, կատարելագործված է էլեկտրամոբիլի հակաառևանգիչ համակարգը: «Ժամապահի ռեժիմը» ենթադրում է ավտոմեքենայի շուրջն իրադրության հսկում տեսախցիկների միջոցով: Էլեկտրամոբիլի համակարգիչը կգրանցի բոլորին, ով չափից ավելի կմոտենա ավտոմոբիլին: Դրա մասին տեղեկացումն ավտոմատ կերպով ուղարկվում է տիրոջ շարժական սարքին: Ավտոմեքենա ներթափանցման փորձի դեպքում Tesla-ի աուդիոհամակարգը դասական երաժշտություն կմիացնի առավելագույն ուժգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել