Հոգեբանական բեսթսելերների հեղինակ, փորձագետ Թիմ Էլմորն իր հետազոտությունների արդյունքում պարզել է ծնողների տիպիկ սխալները, որոնք երեխաների մեջ նախապես ծրագրավորում են անվստահություն և սահմանափակում կարիերայում ու անձնական կյանքում հաջողակ դառնալու նրանց հնարավորությունները:

adme.ru կայքը խորհուրդ է տալիս բոլոր ներկա և ապագա ծնողներին ծանոթանալ Էլմորի հոդվածին, որպեսզի թույլ չտաք այդ բացթողումները:

1. Երեխաներին թույլ չենք տալիս ռիսկի դիմել

Մենք ապրում ենք ամեն քայլափոխի վտանգներով լի ժամանակակից աշխարհում: «Ապահովությունն ամեն ինչից կարևոր է» լոզունգն ուժեղացնում է մեր վախը, թե կկորցնենք մեր երեխաներին, դրա համար մենք նրանց պարուրում ենք համընդհանուր հոգատարությամբ: Եվրոպացի հոգեբանները հայտնաբերել են, որ եթե երեխաները չեն խաղում փողոցում, եթե նրանք երբևէ չեն ընկել կամ վնասել ծունկը, ապա մեծ տարիքում հաճախ տառապում են ֆոբիաներով: Երեխան պետք է մի քանի անգամ ընկնի, որ հասկանա` դա նորմալ է: Դեռահասները պետք է վիճեն և ապրեն առաջին սիրո ջերմությունը, որպեսզի ձեռք բերեն էմոցիոնալ աշխարհայացք, առանց որի անհնար է երկարատև հարաբերություններ ունենալ:

Երեխաների կյանքից բացառելով ռիսկը` մեծերը նրանց մեջ սերմանում են գոռոզություն, ամբարտավանություն և ցածր ինքնագնահատական ապագայում:

2. Մենք շատ արագ ենք օգնության հասնում

Երիտասարդների այսօրվա սերունդը չի զարգացրել որոշակի հմտություններ, որոնք, ասենք, 30 տարի առաջ բնորոշ էին երեխաներին: Երբ շատ արագ օգնության ենք հասնում և երեխային պարուրում ենք «հոգատարությամբ», զրկում ենք նրան դժվար իրավիճակից ինքնուրույն դուրս գալու անհրաժեշտությունից: Վաղ թե ուշ երեխաները սովորում են, որ ինչ-որ մեկը միշտ իրենց զգուշացնի. «Եթե սխալվեմ կամ նպատակակետին չհասնեմ, ապա մեծահասակները կուղղեն և կվերացնեն հետևանքները», չնայած նրան, որ իրականում մեծերի հարաբերությունների աշխարհը կառուցված է լրիվ այլ կերպ:

Ձեր երեխաները մեծ տարիքում անընդունակ լինելու վտանգի տակ են:

3. Մենք շատ հեշտ հիանում ենք նրանցով

Ինքնագնահատականը բարձրացնելու շարժումը սկսվեց դեռևս փոքրիկ «բումերների» սերնդից, իսկ 1980-ականներին այն իր արմատները գցեց դպրոցում: «Ցանկացած մասնակից ստանում է մի գավաթ» կանոնը թույլ է տալիս երեխային մտածել, թե ինքը յուրահատուկ է: Բայց ժամանակակից հոգեբանների հետազոտությունները ցույց են տալիս, որ խթանման այդ մեթոդն ունի անկանխատեսելի հետևանքներ:

Որոշ ժամանակ անց երեխան նկատում է, որ միայն ծնողներն են իրեն «հիանալի» համարում, իսկ մյուսները` ոչ: Այդ ժամանակ երեխան սկսում է կասկածել իր ծնողների օբյեկտիվության հարցում: Նրան հաճելի են գովեստի խոսքերը, բայց հասկանում է, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ:

Ժամանակի ընթացքում երեխան սովորում է խաբել. չափազանցում և սուտ է խոսում, որպեսզի խուսափի անհարմար իրականությունից, որովհետև նա ուղղակի ընդունակ չէ դժվարությունների հանդիպել:

4. Եթե ձեր հարաբերությունները կառուցված են միայն նյութական խթանների վրա, ապա երեխաները չեն զգա ո՛չ ներքին մոտիվացիա, ո՛չ սեր

Ձեր երեխան չպետք է ամեն րոպե ձեզ սիրի: Նա դեռ շատ անհաջողություններ պետք է հաղթահարի այս կյանքում, որին կարող է խանգարել երես առած լինելը: Դրա համար երեխաներին ասեք՝ «ո՛չ» և «ոչ հիմա», որպեսզի նրանք սովորեն պայքարել իրենց երազանքների և պահանջների համար: Եթե ընտանիքում մի քանի երեխա կա, ապա սովորաբար ծնողներն անարդար են համարում երեխաներից միայն մեկին պարգևատրելը և մյուսին ձեռնունայն թողնելը: Բայց բոլորին ու միշտ պարգևատրելն իրատեսական չէ: Այդպիսի գործողություններով մենք բաց ենք թողնում հնարավորությունը` երեխաներին ցույց տալու, որ հաջողությունը կախված է մեր սեփական ջանքերից ու բարի գործերից:

Լավ մտածեք մինչև երեխաներին խրախուսելն առևտրի կենտրոններ այցելություններով: Եթե ձեր հարաբերությունները կառուցված են միայն նյութական խթանների վրա, ապա երեխաները չեն զգա ո՛չ ներքին մոտիվացիա, ո՛չ, անկասկած, սեր:

5. Մենք չենք կիսվում մեր անցյալի սխալներով

Կգա ժամանակ, երբ առողջ դեռահասն անպայման կցանկանա «տարածել  թևերը» և կփորձի ինքնուրույն հարթել իր ճանապարհը: Մեծահասակը պետք է նրան թույլ տա դա անել: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է օգնենք երեխաներին կողմնորոշվել անծանոթ իրերի կամ իրադարձությունների հարցում: Կիսվեք երեխաների հետ այն սխալներով, որոնք թույլ եք տվել, երբ նրանց տարիքին էիք, բայց խուսափեք ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի մասին ավելորդ բարոյախոսությունից:

Երեխաները պետք է պատրաստ լինեն անհաջողությունների հանդիպելուն և կարողանան պատասխան տալ իրենց որոշումների հետևանքների համար:

Պատմեք նրանց, թե ինչ եք զգացել, երբ բախվել եք նման իրավիճակների, ինչով եք առաջնորդվել ձեր արարքներում, ինչ դասեր եք քաղել:

6. Մենք շփոթում են ինտելեկտն ու տաղանդը հասունության հետ

Ինտելեկտը հաճախ օգտագործվում է որպես երեխայի հասունության միջոց, արդյունքում ծնողները ենթադրում են, թե խելացի երեխան պատրաստ է իրական կյանքին: Բայց դա այդպես չէ: Որոշ պրոֆեսիոնալ մարզիկներ և Հոլիվուդի երիտասարդ աստղերը, օրինակ, մեծ տաղանդ ունեն, բայց, մեկ է, ընկնում են հանրային սկանդալների մեջ: Մի համարեք, թե ձեր երեխան տաղանդավոր է ամեն ինչում: Գոյություն չունի կախարդական «պատասխանատվության տարիք» կամ ուղեցույց այն մասին, թե երբ է պետք երեխաներին տալ ինչ-որ կոնկրետ ազատություններ: Բայց կա հրաշալի կանոն. հետևել այդ տարիքի մյուս երեխաներին: Եթե կարծում եք, որ ձեր երեխայի հասակակիցներն ավելի ինքնուրույն են, ապա հնարավոր է՝ ինքներդ եք խոչընդոտում, որ նա անկախանա:

7. Ինքներս չենք անում այն, ինչ սովորեցնում ենք երեխաներին

Որպես ծնող՝ մենք պարտավոր ենք նախագծել այն կյանքը, որը ցանկանում ենք մեր երեխաների համար: Հիմա հենց մենք ենք մեր ընտանիքի լիդերները, հետևաբար պետք է հավատարիմ մնալ ճշմարտությանը շրջապատի հետ հարաբերություններում: Հետևեք ձեր քայլերին, նույնիսկ ամենաաննշաններին, որովհետև ձեզ հետևում են ձեր երեխաները:

Եթե դուք չեք գնում նշված կանոնների հետքերով, ապա երեխաները կմտածեն, որ դա անթույլատրելի է նաև իրենց համար: Ցույց տվեք երեխաներին, թե ինչ է նշանակում լիարժեք և հաճույքով օգնել ուրիշներին: Մարդկանց և վայրերն ավելի լավը դարձրեք, քան դրանք ձեզանից առաջ էին, և ձեր երեխաները կանեն նույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել