Եթե անհատը (ընտանիքը) այլ հավասար պայմաններում մյուս անհատների (ընտանիքների) միջինի համեմատ աղքատ է, ապա գուցե պատճառներն իր մեջ են։ Իսկ երբ երկրի ընդհանուր տնտեսությունն է աղքատ՝ նման պայմաններում գտնվող այլ տնտեսությունների կամ հանրային սպասելիքների և իր պոտենցիալի կամ զարգացման նախորդ-հաջորդ փուլերի համեմատ, ապա, կառավարությունից զատ, այլ պատասխանատու չկա և չի կարող լինել՝ ըստ սահմանման։ Եվ ինչպես անհատի աշխատանքն է նրա բարեկեցության գլխավոր երաշխիքը, ճիշտ այդպես էլ աշխատանքն է երկրի տնտեսական աճի և աղքատության կրճատման երաշխիքը։ Աշխատանքն է, սակայն ոչ թե անհատների, այլ հենց կառավարության ճիշտ աշխատանքը։

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ է Նիկոլի կառավարությունն անընդհատ խոսում մարդկանց ուղեղներում նստած աղքատության մասին։ Շատերին թվում է, թե դա արվում է այն նպատակով, որ վաղը հենց աշխատել չուզող մարդիկ հայտարարվեն կառավարության ձախողման քավության նոխազ, սակայն իրական պատճառն այլ է․ նոր կառավարության փիլիսոփայությունն է։

Տնտեսության և ոչ միայն տնտեսության մասին Նիկոլ Փաշինյանի պատկերացումները բավական մակերեսային են։ Նրան թվում է, որ եթե կառավարությունն օրինականություն ապահովի, ինքը կոռուպցիայով չզբաղվի, չմիջամտի դատարանների աշխատանքին և չկեղծի ընտրությունները, ապա ուրիշ, խորքային և շատ բարդ տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև պետության ամենօրյա միջամտության կարիք ուղղակի չի լինի․ շուկան ինքնուրույն բոլոր հարցերը կլուծի, ներդրումները կհոսեն, մարդիկ եռանդով և ստեղծագործաբար կաշխատեն, արտագաղթը կդառնա ներգաղթ, մեր արտադրանքը կդառնա աշխարհում մրցունակ, և տեղի կունենա խոստացված տնտեսական հեղափոխությունը։

Եվ քանի որ կառավարությունը չի պատրաստվում ամենօրյա ինտենսիվ միջամտությամբ փոխել տնտեսության կառուցվածքը, խթանել ներդրումները և այլն, ապա նրա վերջին և միակ հույսը մնում են մարդիկ։ Եվ «մարդկանց գլխում աղքատության» միտքն ասվում է ոչ այնքան վաղը պատասխանատվությունից խուսափելու համար, որքան այսօր մարդկանց ոգևորելու, այսինքն՝ քարոզ է և աշխատելու կոչ։ Մեր կառավարությունը համոզված է, որ տնտեսության կառավարումը ոչ թե կառավարության, այլ բացառապես մարդկանց և շուկայի գործն է։

Այդպես է, թե ոչ՝ շատ շուտով կտեսնենք հերթական անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել