Որպեսզի մենակ հակահեղափոխական սնոբներիս ու Դուչեի ագիտպրոպի առաջամարտիկների համար ակտուալ քննարկում լինի 2018-ի բյուջեի կատարողականի կեղծման դրվագը, այլ հասարակության լայն շերտերն էլ հասկանան, թե ինչ թավշյա հեռանկարներ են իրենց սպասվում, ավելի պարզեցված բացատրեմ, թե ինչ տնտեսաքաղաքական իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում․

1․ Միայն հրաշքը կօգնի, որ արդեն աշնանն ու ձմռանը թոշակների ու պետական սեկտորի աշխատավարձերի լուրջ ուշացումներ չլինեն։ Ավելի հասկանալի ասեմ՝ ամենայն հավանականությամբ, արդեն այս աշնանը թոշակառուներին կսկսեն ամիսներով թոշակ չվճարել, բյուջետային աշխատողներին էլ՝ աշխատավարձ։

2․ Հրաշք ասելով պետք է հասկանալ կա՛մ եկամուտների կտրուկ աճ պետբյուջեում, կա՛մ արտաքին պարտքի խոշոր ավելացում։ Կտրուկ աճի նախադրյալներ բացարձակ չկան, ու անգամ Կառավարության կենաց-ծրագրում 5 տոկոսի ամբիցիա ունեն։ Պետական պարտքի մասով էլ պրոբլեմատիկ է, որովհետև ոչինչ չի վկայում այն մասին, որ մեզ ինչ-որ մեկը պատրաստվում է տենց մի 0,5 միլիարդ դոլար վարկ տալ։

3․ Քանի որ սա հասկանում է նաև Նիկոլ ճաճանչափայլը, պատահական չէ, որ արդեն ասպարեզ է նետվել անմեղության կանխավարկածը բռնաբարող թեզը, թե ճիշտ կլինի, եթե մարդիկ իրենք ապացուցեն, որ իրենց ունեցվածքն օրինական հիմունքներով է։ Ըստ էության, հող են նախապատրաստում, որպեսզի լեգիտիմացնեն մարդկանց ունեզրկումը։ Դժվար է ասել, թե որքանով այդ քայլի տնտեսական էֆեկտը կօգնի բյուջեի կատարողականին, բայց կարճաժամկետ հեռանկարում այն կհագեցնի հասարակության թույլ գիտակից շերտի տեսարանների ու հացի պահանջմունքը, որի դոզան գնալով արդեն հերոինի վրա նստած նարկոշի դոզայի է նմանվում։

4․ Նույնիսկ այսպիսի կարդինալ որոշումներ կյանքի կոչելու արդյունքում վիճակը վատանալու է, ու կարող եմ գրազ գալ, որ շատ շուտով Նիկոլի շուրթերից մոտավորապես նույն բովանդակությամբ կոչ ենք լսելու, ինչ արվել էր ԼՏՊ-ի կողմից․ ըմբռնումով մոտեցեք ու հարևաններից պարտք արեք։

Ցավոք սրտի, 2019 թվականը բոլորիս համար լինելու է շատ ծանր ու իր հետևանքների ծանրությամբ զիջելու է միայն 2020-ին։ Ավելին ասեմ՝ առաջիկայում մենք գնալով ավելի շատ զուգահեռներ ենք անցկանցնելու 1991-1994 թվականների հետ բոլոր առումներով։ Ու ամենակարևորը, հիշե՛ք, որ այս անգամ էլ, ինչպես 1991-ին, ամեն ինչ կատարվել է ազգի մեծամասնության կամքով ու համառ պահանջով։ Ասել կուզեմ՝ շառը մենակ Նիկոլի ու իր թիմի վրա չգցեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել