Armtimes.com-ը գրում է.

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող երիտասարդներից մեկը՝ Տիգրան Կարապետյանը, ազատ է արձակվել:

Այս մասին մեր զրույցում ասաց երիտասարդների պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա ասաց, որ նման որոշում այսօր կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը՝ բավարարելով պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը:

Այսպիսով՝ Վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը եւ որոշում է կայացրել խափանման միջոց կալանքը վերացնելու եւ Տիգրան Կարապետյանին անհապաղ ազատելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, Երեւանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ:

5 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Առաջին ատյանի դատարանը նրանց կաանավորելու որոշում էր կայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել