Մինչև վերջերս շատ քչերին, որոնք հետաքրքրվում են կերպարվեստով, մասնավորապես՝ էքսպրեսիոնիզմով և պրիմիտիզմով, էր հայտնի հունգարացի գեղանկարիչ Թիվադար Կոստկա Չոնտվարիի անունը։ 100 տարի առաջ թշվառության մեջ մահացած նկարչի մասին, որին նաև խելագար էին համարում, միայն վերջերս են սկսել խոսել։

Բանն այն է, որ Պեչա քաղաքի քաղաքային թանգարանի աշխատակիցներից մեկը, ուշադիր զննելով Չոնտվարիի «Ծեր ձկնորսը» կտավը, հայտնաբերել է, որ եթե նկարը կիսենք ու դրա մի մասը հայելային կերպով շրջենք ու երկուսը միացնենք իրար, ապա այլ կտավ կստացվի։ Այս երևույթը հետաքրքեց ոչ միայն արվեստագետներին, այլ հասարակ մարդկանց։

Անհայտ նկարիչը

Թիվադար Կոստկա Չոնտվարին ծնվել է 1853 թ. հունգարական փոքրիկ գյուղում՝ Քիշսեբենում։ Նրա հայրը բժիշկ-դեղագետ էր, հետաքրքրվում էր գիտությամբ, կտրականապես դեմ էր ալկոհոլին ու ծխախոտին և պայքարում էր դրանց արգելման համար։ Սկզբնական կրթությունը Թիվադարը ստացել է հենց այս գյուղում, սակայն 1866 թ. հրդեհից հետո տեղափոխվել է Ուժգորոդ՝ մոր հարազատների մոտ։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ որպես վաճառականի օգնական է աշխատել Պրեշովում։

Հորից երիտասարդ Չոնտվաին ժառանգել էր հետաքրքրություն՝ դեղագործության նկատմամբ։ Արդյունքում նա Բուդապեշտի համալսարանում դեղագիտական կրթություն ստացավ, և ավելի ուշ իրավունք սկսեց ուսումնասիրել ու որպես գործակատար աշխատել քաղաքապետի տեղակալի մոտ։ Ուսումնառության ընթացքում ստացել է մյուս ուսանողների մեծ հարգանքը և դարձել է ուսանողական կազմակերպության նախագահ՝ մասնակցելով 1879 թ. դասադուլներին։

Թիվադարը նկարչի իր ուղին սկսել է 1880 թ.։ Մի աշնանային օր, եր նա աշխատում էր դեղատանը, նայեց պատուհանից, մեխանիկորեն ձեռքը վերցրեց մատիտը, բաղադրատոմսի համար նախատեսված թղթի կտորը և  սկսեց նկարել։ Դա ինչ-որ աբստրակտ բան էր, որը նման էր սայլի։ Դեղատան սեփականատերը, տեսնելով նկարը, գովաբանեց Չոնտվարիին՝ ասելով, որ այդ օրը նկարիչ է ծնվել։ Ավելի ուշ՝ արդեն կյանքի մայրամուտին, Թիվադարն իր ինքնակենսագրականում նկարագրել է այդ օրը՝ նշելով, որ տեսիլք է ունեցել։ Հենց այդ տեսիլքն էլ Թիվադարին հուշել է, որ նա մեծ գեղանկարիչ է դառնալու։

Այդ օրվանից ի վեր Թիվադարը սկսել է ճանապարհորդել՝ նպատակ ունենալով ծանոթանալու մեծ նկարիչների արվեստին։ Նա գնացել է Վատիկան և Փարիզ, ապա վերադարձել է Հունգարիա, բացել է սեփական դեղատունը և ամբողջովին նվիրվել է աշխատանքին, որպեսզի ֆինանսական անկախություն ձեռք բերի և զբաղվի այն բանով, ինչի համար, ըստ նրա, ծնվել էր։ Առաջին կտավը Թիվադարը ստեղծել է 1893 թ.։ Մեկ տարի անց նա ուղևորվել է Գերմանիա և Ֆրանսիա՝ կերպարվեստ սովորելու։ Սակայն նորաթուխ նկարչին այդ ամենը հոգնեցրեց, և 1895-ին նա ճամփորդության մեկնեց դեպի Իտալիա, Հունաստան, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, որպեսզի նկարի տեղի բնապատկերները։ Ժամանակի ընթացում նա իր նկարները սկսեց մակագրել Կոստկա ազգանունով, իսկ կեղծանունը Չոնվարի էր։

Գեղանկարչությամբ Թիվադարը սկսեց զբացվել 1909-ից սկսած։ Այդ ժամանակ սկսել էր զարգացում ապրել նրա հիվանդությունը (ենթադրելի է՝ շիզոֆրենիա), իսկ յուրօրինակ կտավները նրա սյուրռեալիստական տեսիլքների արդյունքներն էին։ Կյանքի ընթացքում Թիվադարը ոչ մի կտավ չի վաճառել. Փարիզում նրա ցուցադրություններն առանձնակի հաջողություններ չէին գրանցում, իսկ հայրենիքում ցուցադրություններ նա չէր ունենում։ Նկարիչը մահացել է 1919 թ.՝ այդպես էլ հայտնի չդառնալով։

«Ծեր ձկնորսը» կտավի աստվածն ու սատանան

Վերջերս այս կտավը մեծ հայտնիություն ձեռք բերեց. այն արվել է 1902 թ.։ Կտավի համապատասխանաբար ձախ և աջ մասերի հայելային արտացոլման արդյունքում երկու տարբեր պատկերներ են ստեղծվում՝ նավակի մեջ գտնվող Աստված և հրաբխի դիմաց կանգնած Սատանա։

Այս փաստի բացահայտումից հետո նկարչի արվեստին սկսեցին այլ կերպ մոտենալ։ Սակայն ի՞նչ էր կամենում ասել Թիվադարը սա նկարելով։ Շատերը կապ են տեսնում նկարի ու միստիցիզմի հետ ու ցանկանում են ուսումնասիրել հունգարացի նկարչի մյուս աշխատանքները։

Կտավի գաղափարի վերլուծության առավել ճշմարտանման վարկածը կարծիքն է մարդու բնության դուալիստիկական բնույթի մասին, որն էլ Թիվադարը ցանկացել է ներկայացնել։ Ողջ կյանքը մարդն անց է կացնում երկու սկիզբերի միջև պայքարում՝ կանանց և տղամադկանց, չարի և բարու, ինտուիտիվի և տրամաբանականի։ Եվ ինչպես Չոնտվարիի կտավի Աստվածն ու Սատանան, դրանք ևս լրացնում են իրար։ Այս ամենի հավասարակշռումը յուրաքանչյուր մարդու առաքելությունն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել