Քիչ առաջ ծանոթացա այսօրվա Դանիա - Հայաստան մրցավեճում Հայաստանի հավաքկանի կազմին, այն է՝ Բերեզովսկի – Վալերի Ալեքսանյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան - Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան – Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան – Յուրա Մովսիսյան:
Հիմա կասեք` էլի սկսեց: Բայց...
Մարզչին հարց չեմ կարող տալ, բայց հռետորական ու անպատասխան հարցեր կան: Ինչո՞ւ պաշտպանությունում դանդաղաշարժ Վարազդատ Հարոյան, այլ ոչ թե բարձրահասակ դանիացիների դեմ բարձրահասակ Արտյոմ Խաչատուրով:
Ինչո՞ւ Կամո Հովհաննիսյան և ոչ թե Արտակ Եդիգարյան: Մինասյանը գոնե պետք է հաշվի առներ Կամո Հովհաննիսյանի ձախողած վերջին երկու հանդիպումները, որոնցում նա ոչնչով աչքի չընկավ, և եռանդուն Արտակ Եդիգարյանի փորձը:
Հասկանալի է մարտավարության փոփոխությունը երկու հենակետայինով, բայց սա մեծ ռիսկ է` հաջորդ խաղերին կրկին առանց հենակետայինի մնալու: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ ընտրել Մխիթարյան-Մկրտչյան հենակետային զույգին՝ կրկին հնարավորություն տալով Մարկոսին: Սակայն Մինասյանի այս ընտրությունը ունի «Բ» պլան տարբերակ` 2-րդ խաղակեսում անցում կատարելով հիշատակածս սխեմային:
Կարծում եմ՝ Գևորգ Ղազարյանի ընտրությունը ևս արդարացված չէ: Նախորդ խաղերը ցույց տվեցին, որ մեր եզրերը մատնված են անգործության: Իսկ Գևորգ Ղազարյանը բավականաչափ խաղային պրակտիկա չունի` հաշվի առնելով վերջին ամիսներին Մետալուրգում նրա անցկացված խաղաժամանակը, որն ուղիղ համեմատական է նրա մոտ որակական անկմանը: Այս դիրքում նրան կարող է փոխարինել Նորայր Ասլանյանը, որն ունի բավականաչափ պրակտիկա և ըստ իս՝ լավ տարբերակ կլիներ նրան օգտագործել եզրում, և մենք կունենայինք հոլանդական դպրոցն անցած եզրայիններ:
Երեք օր շարունակ ինքս ինձ հարցնում եմ, ուզում եմ գտնել Մալթայի հետ անհաջողության պատճառը: Իմ կարծիքով՝ դա ավելորդ ամբիցիաներն են ու որոշ խաղացողների раскрутка-ն:
Կրկին հարցեր հռետորական: Հավաքականի կազմը, կարծում եմ, Մինասյանը միանձնյա չի որոշում` այլապես անհասկանալի էր Մալթայի դեմ Դավիթ Մանոյանի, Կամո Հովհաննիսյանի, Տարոն Ոսկանյանի և էդգար Մանուչարյանի հայտնվելը խաղադաշտում: Մանոյանի հայտնվելու պատասխանը` մեծ գումարներ են ծախսվել նրա բուժման նպատակով և հարմար թիմ են փնտրում վաճառելու: Ես չեմ հիշում նրան խաղադաշտում արդյունավետ գործողություններով` անգամ Իտալիայի դեմ խաղում իր համար ստեղծված պատահական նպաստավոր դիրքից վրիպեց...
Կամո Հովհաննիսյանի անիմաստ վազքը Հայաստանի առաջնությունում դեռ բավարար չէ հավաքականում անգամ Մալթայի պես թիմի դեմ խաղալուն: Տարոն Ոսկանյանը Չեխիայի հետ խաղում երկու «գլուխգործոցից» հետո անհասկանալի կերպով Դանիայի հետ խաղից առաջ կրկին հայտնվում է մեկնարկային կազմում, մինչդեռ հարմար պահ էր փորձարկել Խաչատուրովին:
Մանուչարյանն արդեն վաղուց հայկական ֆուտբոլի խամրած աստղ է, իսկ Մովսիսյանին խնայել (եթե իհարկե դա էր նպատակը) կախված դեղին քարտի համար բացարձակ անիմաստ էր: Նրան մեկնարկայինում պետք էր ընդգրկել` 30 րոպեում ստանալ երկու գնդակի առավելություն և կրկին փորձել խուսափել դեղինի ստացումից: Անգամ Սարկիսովին կարելի էր ընդգրկել մեկնարկայինում` հաշվի առնելով նրա արագությունը, միայն թե ոչ Մանուչարյանը:
Եվ մի փոքր էլ ամբիցիաներից...
Համաշխարհային ֆուտբոլին հայտնի են այնպիսի «չարաճճի» ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բալոտելլին, Տևեսը, Սուարեսը, որոնք անկախ ամեն ինչից, թեկուզ երբեմն պատիժներով, սակայն հրավիրվում և խաղում են ազգային հավաքականներում:
Մեր հավաքականի համար այս ճգնաժամային իրավիճակում ՀՖՖ-ն այդպես էլ փորձ չի անում հաշտության եզրեր գտնել Դենիս Թումասյանի և Մաորիո Գևգեոզյանի հետ...
Ի դեպ, ես սնահավատ չեմ, բայց այս adidas մարզահագուստը և «Արմենիա» հեռուստաընկերությամբ խաղերի հեռարձակումը մեր ազգային հավաքականին չեկավ...
P.S. Ինչևէ, վերջին 6-7 խաղերում մեր մարզիչն այդպես էլ չկարողացավ կազմի և խաղային տակտիկայի ընտրությունը հասցնել ավարտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել