Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը:
Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Փետրվարի 14-ին՝ տոնի բուն օրը, Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:
Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքները նախաձեռնել են տոնախմբություններ:
Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը:
Փետրվարի 13
- Ժամը 16:00-ին Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կմեկնարկի տոնական համերգ:
- Ժամը 16:00-ին Ս. Երրորդություն եկեղեցու համայնքի նախաձեռնությամբ կմեկնարկի խաչերթ, ապա եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ և նվիրաբաշխություն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աջակցությամբ:
- Ժամը 16:30-ին Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու բակում կսկսվի տոնախմբություն:
Տեառնընդառաջի նախատոնակի միջոցառումները եկեղեցիների մեծ մասում կսկսվեն երեկոյան ժամերգության ավարտին՝ 17:30-ին: Եկեղեցիների բակում կվառվի խարույկ, ազգային երգ ու պարով կնշվի տոնը:
- Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցի
- Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի
- Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
- Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի
- Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի
- Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի
- Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
- Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի
- Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի
- Մասիսի Ս.Թադեոս եկեղեցի
- Նորաբացի Ս.Աստվածածին եկեղեցի
- Մասիսի Ս.Գևորգ եկեղեցի
- Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցի
- Արարատի Ս. Հակոբ եկեղեցի
- Վեդու Ս.Աստվածածին եկեղեցի
- Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցի
- Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցի
ժամը 18:00-ին
- Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում կվառվի խարույկ։
Փետրվարի 14
Ժամը 10:30-ին բոլոր եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի առթիվ կմատուցվի Ս. Պատարագ:
Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։
Թիվ 81 մանկապարտեզում 13:00-ին տեղի է ունենալու միջոցառում, վառվելու է խարույկ և բացատրվելու է տոնի խորհուրդը:
Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին