Տղայիս գիմնաստիկայի (մարմնամարզության) եմ տանում: Մեծ սիրով է գնում: Մարզիչները լավն են, մթնոլորտը՝ նույնպես: Երբ առաջին անգամ տարա, նոր իմացա, որ անվճար է: Չեմ հիշում, թե երբևէ անվճար ինչ-որ տեղ ե՞րբ ենք գնացել: Եվ այսպես ամեն շաբաթ երեք օր գնում ենք:
Տարբեր երեխեք են գալիս, տարբեր տարիքի, ակտիվության, սոցիալական կարգավիճակի ու հարստության ցենզի: Այսօր այս վերջին ցենզը մեզանում հստակ տեսանելի է ամենուր:
Երբ նստում, նայում եմ պարապմունքները, մի բան հստակ տեսանելի է. աղքատ, առավել անապահով դասի երեխեքն ավելի ակտիվ են, ավելի աշխատասեր, ավելի մոտիվացված, առավել շուստրի: Թե՛ մարզումների ժամանակ, թե՛ ինչ-որ շարժումներ անելիս իրենք ավելի շատ են աշխատում, կոպիտ ասած՝ վիզ դնում ու... ու իրենց մոտ ավելի լավ է ստացվում: Իհարկե, հեռու եմ այն մտքից, թե սա աքսիոմ է, բայց այն, ինչ ասում եմ, փաստական դիտարկումներիս արդյունքում եմ ֆիքսել...
Մյուս կողմից՝ այդ ամենը շատ հասկանալի է: Անվճար գիմնաստիկան ֆինանսական խնդիր ունեցող ընտանիքի երեխու համար մի տեսակ տոն է, ժամանցի, ինքնարտահայտման ձև, որտեղ նա ջանք չի խնայում, որ իրեն, իր ուժը, մյուսների նկատմամբ իր առավելությունները ցույց տա... Էդ երեխեքը հնարավորություն չունեն ամիսը մի քանի անգամ գնալու տարբեր մոլեր, խաղային կենտրոններ, չեմ կարծում, թե խաղերի մեծ բազմազանություն էլ ունենան, ու իրենք ինքնադրսևորվում են այդտեղ: Այս առումով կյանքն էլ առավել հասուն ու արագ են ընկալում ու փողոցում դառնում են առավել մրցունակ:
Ու մի բան էլ. մարզական խմբերում իրենք իրենց նմանների հետ են շփվում: Նույն խնդիրներն ու նույն կենսակերպ ունեցող երեխեքն իրար հետ են մրցում, իրար օգնում, ու երբ արդեն հանդերձարանում սկսում են խոսել, իրար խորհուրդներ են տալիս, ինչը ոնց անեն ու ամենակարևորը՝ ասենք՝ այդ օրն անհաջող պարապմունք ունեցած իրենց ընկերոջն աջակցում են, դուխ են տալիս, «թե բա՝ վաղն էլ դու ինձ կկրես»:
Աղքատությունը փակ ցիկլ է, ու մարդուն այդտեղից դուրս գալու համար պետւթյունը կոնկրետ պետք է օգնի, ու մեղադրելով խնդրի լուծում չենք ունենա...
Աղքատ մարդն օբյեկտիվորեն չի կարող գիտակից քաղաքացի լինել․ սա պետությունը պետք է ընկալի որպես աքսիոմ: