168.am-ը գրում է.

Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունում փետրվարի 11-ին տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են ԵԿՄ փոխնախագահներ, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարներ, վարչության անդամներ:

Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Վերջինս ևս ներկաներին կոչ է արել համախմբվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները:

168.am-ի հետ զրույցում ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը հայտնեց, որ Սասուն Միքայելյանը որպես ԵԿՄ նախագահ՝ կառաջադրի իր թեկնածությունն այն ժամանակ, երբ տեղի կունենա համագումարը:

«ԵԿՄ համագումարի ժամանակ ընտրվում է վարչություն, որից հետո նոր ընտրում են ԵԿՄ նախագահ, ով հետո առաջադրում  է տեղակալներին: Համաձայն կանոնադրության՝ գործող վարչությունը, երբ նիստ կհրավիրի ու կլսի արտահերթ համագումար հրավիրելու հարցն ու կընդունի որոշում՝ յոթ օր հետո տեղի կունենա համագումարը: Աշխատում ենք կարճ ժամանակահատվածում կազմակերպել այս ամենը»,- մանրամասնեց ԵԿՄ վարչության փոխնախագահը:

Համլետ Հայրապետյանի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ի նիստի ժամանակ հրաշալի բան է տեղի ունեցել:

«Ընդլայնված նիստին մասնակցում էին նախկին և ներկա բոլոր հրամանատարները՝ այն տղաները, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռացել էին: Այո՛, առաջիկայում մենք կունենանք 90-ական թվականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած երկրապահական ընտանիքը, որտեղ կհավաքվեն գրեթե բոլորը: Սասուն Միքայելյանի գրկում բոլորը կհամախմբվեն»,- նշեց ԵԿՄ վարչության փոխնախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել