Վերջին անգամ նման դեպք եղել էր 2001 թվականի Ավստրալիայի գրան պրիի ժամանակ: Այն ժամանակ Ժակ Վիլնյովի եւ Ռալֆ Շումախեռի այս սարսափելի վթարի արդյունքում Ժակ Վիլնյովի մեքենայից պոկված անվադողի հարվածից մահացավ 50-ամյա Գրեմ Բրեբովիչը, ով վազքուղու աշխատակիցներից մեկն էր:
Դրանից ընդամենը 7 ամիս առաջ՝ արդեն 2000 թվականի Իտալիայի գրան պրիում, Կուլթհարդի, Բարրիկելլոյի, Ֆրենցենի, Տրուլիի, Դե Լա Ռոսայի եւ Հերբերտի միջեւ տեղի ունեցված մասսայական վթարի արդյունքում մահացավ արդեն իտալացի Պաոլի Գիսլիմբերտին: Նա հարված ստացավ Դե Լա Ռոսայի մեքենայից պոկված դետալներից մեկից: Ահա այդ վթարը:
Եվ ահա, կրկին` ողբերգություն: Երեկվա Կանադայի գրան պրիում, Էստեբան Գությերեսի մեքենայի էվակուացման ժամանակ, 38-ամյա մարշալը, չնայած իր տասնամյա փորձին, ընկավ Զաուբերի մեքենան բարձրացնող վերամբարձ կռունկի տակ: Միջադեպից ընդամենը կես րոպե անց տուժածին առաջին բուժօգնություն ցուցաբերվեց, սակայն ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ հիվանդանոցում գտնվող տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ չնայած ողջ գիշեր աշխատած բժիշկների ջանքերին, նա Sacré-Coeur հիվանդանոցում կնքեց իր մահկանացուն:
Ցավակցություններս նրա բոլոր հարազատներին: Տա Աստված, որ այսուհետ վազքուղու աշխատակիցներն ավելի զգույշ լինեն, իսկ մեքենաներն ավելի անվտանգ, թեեւ այս անգամ մահացու ելքի պատճառը բուն վթարը չէր: