Քչերը գիտեն, որ Ռուսաստանի պատմության մեջ եղել են էջեր, որոնք խնամքով փորձել են թաքցնել:
Դրանցից մեկն էլ 1891-92 թթ․-ի սովն էր, որը համակել էր երկրի հարավն ու Պովոլժիեն։ Այդ տարիներին ժողովուրդը մի կերպ էր գոյատևում, բայց ոչ թե նրա համար, որ հաց չունեին, այլ այն պատճառով, որ երկրի ղեկավարներն ու իշխանությունները եղած միջոցներով ուղղում էին իրենց ֆինանսական հետաքրքրությունների բավարարմանը:
Ինչքան էլ քաղաքագետները փորձում էին ստեղծված իրավիճակը բարդել եղանակային վատ պայմանների վրա, միևնույն է, հիմնական խնդիրը պետության՝ սննդի բնագավառում վարած ոչ ճիշտ քաղաքականությունն էր: Գյուղատնտեսական ռեսուրսների հաշվին համալրելով գանձարանը՝ յուրաքանչյուր տարի Ռուսասատանն իր ցորենն արտահանում էր արտերկիր: Արդյունքում՝ սովի առաջին տարիներին երկրից արտահանվել է 3,5 մլն տոննա հացահատիկ, հաջորդ տարի, երբ սովը և համաճարակն արդեն տարածվել էին կայսրությունում, ռուսական կառավարությունը և գործարարները Եվրոպային 6,6 մլն տոննա հացահատիկ վաճառեցին, ինչը գրեթե կրկնակի գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը: Այս փաստերը ցնցող էին, բայց այդ իրավիճակում ամենասարսափելին այն էր, որ կայսրը կտրականապես հերքեց Ռուսաստանում սովի առկայությունը, և դա այն ժամանակ, երբ հեռավոր գյուղերում մարդիկ սովից մահանում էին:
«Ես սոված բանկիչներ չունեմ, կան միայն վատ բերքատվությունից տուժածներ»,- ասում էր այդ ժամանակվա կայսր Ալեքսանդր Երրորդը:
Երկրում իրավիճակն աղետալի էր, և սարսափելի լուրը հասավ մինչև Եվրոպա ու Ամերիկա: Ամերիկյան հասարակությունը՝ «North Western Miller» շաբաթաթերթի խմբագիր Ուիլյամ Էդգարի գլխավորությամբ, մարդասիրական օգնություն առաջարկեց Ռուսաստանին, սակայն կայսրը ձգձգում էր պատասխանը և միայն որոշ ժամանակ հետո թույլ տվեց կերակրել սոված բնակչությանը:
Սոված ռուս ժողովրդի համար մարդասիրական օգնության շարժումը կազմակերպել և ղեկավարում էր բարերար Ուիլյամ Էդգարը, ով դեռևս 1891թ․-ի ամռանն առաջինն էր, ով իր շաբաթաթերթում հրապարակեց Ռուսաստանում տիրող սովի մասին հոդվածներ: Նա գրություններ ուղարկեց հացահատկի վերամշակմամբ զբաղվող խոշոր ընկերություններին ու խնդրեց հնարավորության դեպքում արձագանքել: Նաև հիշեցրեց իր հայրենակիցներին, որ 1862-63 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ ռուսական նավատորմն անգնահատելի օգնություն է ցուցաբերել իրենց երկրին: Այդ ժամանակ հեռավոր Ռուսաստանը Ամերիկայի ափերի մոտ ուղարկեց 2 ռազմական էսկադրա: Դա զսպող հանգամանք էր Անգլիայի ու Ֆրանսիայի համար, ովքեր ցանկացած պահի կարող էին օգնության հասնել Հարավին: Ռուսական նավատորմն ամերիկյան ափերի մոտ մնաց մոտ 7 ամիս, և բրիտանացիներն ու ֆրանսիացիները չհամարձակվեցին կոնֆլիկտի մեջ մտնել ռուսների հետ: Դա ևս նպաստեց, որպեսզի Հյուսիսը հաղթի քաղաքացիական պատերազմում:
Վիլյամ Էդգարի կոչը դրական արձագանք գտավ համաերկրացիների շրջանում, և մարդիկ սկսեցին նվիրատվություններ անել: Աշխատանքն իրականացվում էր ոչ ֆորմալ պայմաններում և կամավոր հիմունքներով, քանի որ Ամերիկայի կառավարությունը չէր հաստատել բարեկամական օգնության ժեստը, սակայն չէր էլ կարող արգելել: Սովորական ամերիկացիներին չէր հետաքրքրում իրենց երկրի և Ցարական Ռուսաստանի միջև առկա տնտեսական լարվածությունը: Նրանք «Սա ոչ թե քաղաքականության, այլ մարդասիրության հարց է» կարգախոսի տակ օգնություն էին հավաքում ողջ ԱՄՆ-ով: Դրան մասնակցում էին բնակչության գրեթե բոլոր շերտերը՝ բանկիրները, կրոնական կազմակերպությունները, ֆերմերները, լրագրողներն ու պետական ծառայողները: Բայց ինչի իմանային խեղճ մարդիկ, որ Ռուսաստանի պետական ամբարի պատերը քիչ էր մնում՝ պայթեին ցորենի առատությունից: Ռուս ձեռնարկատերերը դրանք պատրաստվում էին արտահանել Եվրոպա․․․