Armsport.am-ը գրում է.

Վանաձորի «Լոռին» երեկ հայտարարեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանի տեղափոխության մասին, որը մինչ այս հանդես էր գալիս «Գանձասար-Կապանում»: Իշխանյանի պայմանագիրը «Լոռիի» հետ ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

ArmSport-ը 29-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է նոր մարտահրավերների, սպասելիքների, կապանյան թիմից հեռանալու պատճառների և այլ հարցերի շուրջ. 

«Հրավերներ ունեի ինչպես արտերկրից, այնպես էլ` հայկական ակումբներից:

Արտասահմանյան մի շարք ակումբներից առաջարկներ ունեի, բայց որոշ հարցեր կային ու ես, չցանկանալով այլևս սպասել, որոշեցի մինչև մրցաշրջանի ավարտը հանդես գալ «Լոռիում»: Թե ինչ կլինի դրանից հետո, ժամանակը ցույց կտա:

«Լոռի» տեղափոխության հարցում շատ մեծ էր գլխավոր մարզչի` Արթուր Պետրոսյանի գործոնը, որն էլ շատ մեծ դեր է խաղացել այս ակումբի ընտրության հարցում: Կարելի է ասել, որ հենց նրա ու նրա հանդեպ ունեցած հավատի «պատճառով» եմ տեղափոխվել «Լոռի»: Շնորհակալ եմ նաև ակումբի ղեկավարությանը վստահության համար»,- իր խոսքում նշեց Հայկ Իշխանյանը, որը Հայաստանի Ազգային հավաքականում հանդես է եկել հենց Պետրոսյանի գլխավորությամբ.

«Նոր մարզչի գալով «Լոռիում» շատ բան կփոխվի: Մրցաշրջանի վերսկսումից հետո թիմի ներուժն ավելի հստակ կլինի, բայց, ամեն դեպքում, թիմի հաջողությունների հանդեպ հավատը մեծ է: «Լոռիի» առջև դրված են ամենաբարձր խնդիրները` թե՛ Հայաստանի առաջնությունում, թե՛ Գավաթի խաղարկությունում, թիմը պետք է ամեն ինչ անի նաև Եվրագավաթների ուղեգիր նվաճելու և այնտեղ հաջող հանդես գալու համար: Ես էլ իմ կողմից ամեն ինչ կփորձեմ անել, որպեսզի օգնեմ թիմին գտնվել ավելի բարձր հորիզոնականներում: Կանեմ ինձնից կախված ամեն ինչ, շատ լավ եմ տրամադրված»:

«Թիմում ինձ շատ լավ են ընդունել, ամեն ինչ հիանալի է: Նախապատրաստությունն անցնում է իր բնականոն հունով: Մի քանի օրից էլ կմեկնենք արտերկիր` ուսումնամարզական հավաքի, որի շրջանակում ընկերական խաղեր կանցկացնենք: Ամեն ինչ լավ է ընթանում: Ֆուտբոլիստներս էլ մեր կողմից ամեն ինչ պետք է անենք հաջողություններ գրանցելու համար` թե՛ ընկերական, թե՛ արդեն պաշտոնական խաղերում»:

Վերջին շրջանում շատ է քննարկվում Հայաստանի առաջնությունում լեգեոներների թվի հնարավոր սահմանափակման հարցը: Ինչպիսի՞ն է այս հարցի շուրջ Հայկ Իշխանյանի կարծիքը.

«Ես էլ եմ կողմ, որ Հայաստանի առաջնությունում լեգեոներների սահմանափակում լինի, որպեսզի ակումբները կարողանան լավ ֆուտբոլիստներ մատակարարել մեր երիտասարդական և Ազգային հավաքականներին»:

Դեկտեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ Հայկ Իշխանյանը հեռացել է «Գանձասար-Կապանից», որի կազմում հանդես էր գալիս 2015 թվականից: 29-ամյա ֆուտբոլիստը «Գանձասար-Կապանում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Սյունիքը ներկայացնող թիմի կազմում Իշխանյանը դարձել է Հայաստանի գավաթակիր, բարձրագույն խմբի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր։

«Գանձասարից» հեռանալու ցանկություն չեմ ունեցել: Այն իմ ակումբն էր, որի համար ես խաղում էի, որը ես սիրում էի, ու որն ինձ համար շատ բան է արել: Այդ ակումբի հետ ես Գավաթ եմ նվաճել, եվրագավաթների հանդիպումներ եմ անցկացրել,այդ ակումբից եմ հրավիրվել հավաքական ... մինչև այսօր շատ ընկերներ ունեմ «Գանձասարում», լավ հարաբերությունների մեջ եմ նաև ակումբի ղեկավարության հետ: Պարզապես ֆուտբոլիստի կարիերայում գալիս է պահ, երբ ցանկանում ես ավելի բարձրակարգ մարզչի հետ աշխատել:

Արդյոք վաղվա խաղն ինձ համար առանձնահատո՞ւկ կլինի. չեմ կարծում` հաշվի առնելով վաղվա խաղի ընկերական բնույթը: Ոչ մեկին որևէ ապացուցելու բան չունեմ»,- եզրափակեց իր խոսքը Հայկ Իշխանյանը:

Հիշեցնենք` վաղը` փետրվարի 10-ին, «Լոռին» Վանաձորում ընկերական խաղ կանցկացնի հենց «Գանձասար-Կապանի» հետ, իսկ փետրվարի 12-ին կմեկնի Թուրքիա` ուսումնամարզական հավաք անցկացնելու:

Ձմեռային հավաքների ավարտից հետո մարտի 3-ին «Լոռին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Գյումրիում կհյուրնկալվի «Շիրակի» կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել