Ի դեպ, ևս մեկ մասնավոր, բայց ցայտուն օրինակ նրա, թե ինչպես է Հայաստանում գործում անոգի, ավտոմատ պատճենման համակարգը, ինչ է նշանակում սեփական հողից լրիվ կտրված, միայն պատճենող (պատճենելն ու ստեղծագործաբար փոխառելը լրիվ տարբեր են) գիտակցությունը:
Անծուխ Հայաստան...
Հայերեն մտածող, հայերեն կարդացած, «հայկական մտածող» ցանկացած մարդ անմիջապես կզգար, որ այստեղ մի բան էն չէ:
«Ծուխ» բառը հայերենում ունի երանգներ, շերտեր, իմաստներ` շենության, համայնքի, օջախի, տան և այլնի հետ կապված: Սիգարետի ծուխն ամենևին էլ առաջնային չէ հայերեն «ծուխ» բառի համար:
Հայերենի ծուխը ծուխ ծխանին է, ընդ եղեգան փող ծուղ ելանելն է, ծխական դպրոցն է։
Բայց դե քանի որ ամեն բան անմիտ պատճենվում է, անգլերենի smoke-ը դարձել է հայերենի ծուխ: Այս մարդիկ չեն հասկանում, որ բառերը մաթեմատիկական փոխարժեքներ չեն: Որ ասենք, նույնիսկ այնպիսի պարզ բառը, ինչպիսին արևն է հայերենում միայն պայմանական, այլ ոչ բացարձակ համարժեքն է անգլերեն, ռուսերեն և այլ լեզուների համապատասխան բառերի: Որովետև անգլերեն չես կարա ասես հորս արև կամ էլ արևշատություն: Որ ամեն լեզուն ունի իրա անփոխանցելի շերտը....
«Անծուխ Հայաստան» կարգախոսը հնչում է անծեքի պես հայերենի մեջ արմատավորված մարդու ականջին՝ անշեն, ավերակ, անտուն:
Սա մասնավոր խնդիր չէ: Ամբողջ մեր ժամանակակից գիտակցությունը, մտածողությունը կառուցված են սրա վրա: Ծաղրանկարի աստիճան, երբ, ասենք, մարդիկ անգլերենից գիրք են թարգմանում հայկական անուններով, ու, ասենք, «Հնչակ» թերթի անունն անգլերենից բառացի տառադարձում են հայերեն՝ «Հունչակ»: Այսպիսի տասնյակ օրինակներ կան, բայց դրանք էլ են մասնավոր:
Ընդհանուրն այն է, որ փչացել է դարերով գործող մշակութային մեխանիզմը:
Մշակույթը ենթադրում է փոխառում: Չկա առանց փոխառման: Բայց փոխառումն անմիտ պատճենում չէ, այլ նախ՝ բալանսի մեջ է սեփական արտադրանքի, սեփական փորձի տեսականացման հետ, երկրորդ՝ ինքը փոխառումը հարմարեցումն է, յուրացումն է, օտարը սեփական դարձնելն է:
Օրինակ՝ այբուբենի սկզբունքը հայերը չեն ստեղծել, դա փոխառյալ սկզբունք է: Բայց փոխառածը դարձել է հայկական այբուբեն յուրացմամբ: Մարդիկ կարային, չէ՞, վերցնեին հունական կամ լատիներեն այբուբենն ու պատճենեին առանց մտածելու: Բայց արի ու տես, որ 1500 տարի առաջ առանց կոմպերի, ինտերնետի, մեքենաների և այլնի, ֆայմել են, որ մի քիչ ավել է պետք անել, քան դեբիլիկների դպրոցի ցանկացած սան կարող է անել:
Եվ տենց հարյուրավոր օրինակներ:
Իսկ անծուխ Հայաստանը և Հունչակը սովորական ծույլ աշակերտի արտագրությունն է լավ սովորողի տետրից՝ առանց մտածելու, առանց հասկանալու:
Ի դեպ, վստահ եղեք, որ նույն այդ մտածողությունը, եթե մի օր Եվրոպայում ասեն, թե ծխելն աշխարհի ամենալավ բանն է, նույն ջանասիրությամբ կսկսի ծխող Հայաստան քարոզել: Գլուխ կոչվածն իսպառ բացակայում է այդ համակարգի մեջ: Ցավոք, դա Հայաստանում այսօր գերիշխող համակարգ է:
Անգլուխ Հայաստան:
Անոռուգլուխ Հայաստան:
Սա իշխանության խնդիր չէ, սա հանրության վերնախավի թիվ մեկ խնդիրն է: Կա երկիր, բայց այն չունի գիտացություն, ավելի ճիշտ՝ գիտակցությունը լրիվ օտարված է իր սեփական հողից, միջավայրից:
Հայաստանը մի դատարկ տարածք է այդ գիտակցության համար, որը պետք է լցնել անճոռնի պատճեններով:
ՀԳ. Այս գրառումը որևէ կապ չունի ծխելու մասին օրենքի և նրա շուրջ ծավալված բանավեճի հետ: Անծուխ Հայաստանը միայն առիթ էր էս գրառման համար: