Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում գիտության ոլորտում գիտաշխատողների թվաքանակի կրճատում չի նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ, ավելին, նախատեսում են ոլորտը համալրել երիտասարդ կադրերով:

«Մենք այսօր ունենք գիտության ծերացման խնդիր: Ոլորտում աշխատող 65-ից բարձր տարիքով գիտնականների թիվը կազմում է ընդհանուրի 25 տոկոսը: Այդ տարիքի գիտնականների թիվը գնալով պակասում է: 10 տարի հետո սովետական ժամանակներից եկած կադրերը էլ չեն լինի, բայց եղած բացը շատ քիչ է լրացվում: Ավելին՝ մենք այսօր լուրջ խնդիր ունենք 35-55 տարեկան գիտնականների թվաքանակի հետ կապված, այստեղ խոր անկում է: Դրա համար մենք ակտիվորեն աշխատելու ենք, որպեսզի երիտասարդ կադրերը խրախուսվեն, նոր, հետաքրքրիր պայմաններ լինեն իրենց համար: Արդյունքում, այդ բացը քիչ-քիչ կլրացվի»,-ասաց Սամվել Հարությունյանը: 

Գիտության կոմիտեում գրանցված 6 հազար 200 անձից, 4 հազար 500-ը  ծրագրերում աշխատող գիտնականներ են: Դա, ըստ Սամվել Հարությունյանի, բավական փոքր թիվ է: «Սա այնպիսի թիվ է, որ դրանից  ներքև չի կարող լինել: Հետևաբար, մենք նախատեսում ենք ավելացնել երիտասարդ մասնագետների թիվը»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Ինչ վերաբերում է բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման խնդրահարույց հարցին, ապա Սամվել Հարությունյանը նշեց, որ կառավարությունը շատ արագ արձագանքել է, և դեռ դեկտեմբերից այդ հարցը կարգավորվում էր:

«Ավելին՝  այդ մասին ես անձամբ բոլոր բուհերի ղեկավարներին զանգել տեղեկացրել եմ, որ հարցը կարգավորվում է, որևէ խնդիր չի առաջանալու, աշխատողներ դուրս չեն մնալու: Բուհերից, չգիտես ինչու, ԵՊՀ-ն միայն որոշեց աշխատողներին ծանուցում ուղարկել, դա այն դեպքում, որ մենք վստահեցրել ենք խնդիրը լուծվելու է կարճ ժամկետում: Ի դեպ, ԵՊՀ-ն բազային ֆինանսավորման ցանկում երրորդ տեղում է»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել