«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ սխալը եղել ու մնալու է «Սասնա Ծռեր» զինված խմբավորման անդամներին ազատ արձակելու քաղաքական որոշումը: Համենայն դեպս, այդ խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանն ամեն քայլափոխի ապացուցում է դա:

Խոսքն այստեղ միայն նրա ապերախտ, երախտամոռ պահվածքին չի վերաբերում, երբ վերջին հարցազրույցում, խոսելով ազատ արձակման մասին, ասել է. «Ես թքած ունեմ նման արդարության վրա և մեր խափանման միջոցը փոխելու, «լկստված» համաներում շնորհելու վրա, ես համաներման կարիք չունեմ, իմ ապստամբությունն արդարացի էր»:

Այստեղ խնդիրն ավելի լուրջ է: Քննադատելով իշխանություններին` Մանուկյանն ասել է՝ վտանգի դեպքում կրկին պատրաստ է ըմբոստանալ, ընդ որում՝ չբացառելով կրկին զենքի դիմելը: «Ես չեմ ասում՝ պարտադիր է դա, բայց եթե պետք լինի… անցյալ իշխանությունը պետական տեռոր էր իրականացնում. եթե նույն բանը լինի, իհարկե, ապստամբելու եմ, իմ ժողովրդի համար եմ չէ՞ անում»: Բացի այդ, նա հայտարարել է. «Ամբողջն «ավգյան ախոռների» են վերածել: Վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել»:

Ու այս խոսքերի հեղինակը մի մարդ է, որը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ամենավառ երազում անգամ չէր պատկերացնի՝ ինքը և, ընդհանրապես, զինված խմբավորման անդամներն ազատ կարձակվեին: Նրանց սպառնում էր ցմահ ազատազրկում, նախկին իշխանությունը որոշումը կայացրել էր, ուղղակի իրագործմանը խանգարեց թավշյա հեղափոխությունը:

Այսօր Պավլիկ Մանուկյանն ու ընկերներն ազատության մեջ են ու սա բացառապես Փաշինյանի ղեկավարած թավշյա հեղափոխության արդյունքում, Փաշինյանի իշխանության քաղաքական կամքի շնորհիվ: Այն Փաշինյանի, որի մասին ՊՊԾ գնդի գրավման օրերին Պավլիկն ասել էր. «Նիկոլին մի՛ լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք, Նիկոլին գցեք մեջը:

Մի բան տվե՛ք գանգին՝ չերևա»: Նրան այս խոսքերը Ն. Փաշինյանը հեշտ ներեց: Ինչպես տեսնում եք, շատ իզուր. Ապարանցի Պավլիկը շարունակում է զենքի գործադրման մասին ակնարկել»,-գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել