168.am-ը գրում է.

Մինչ Հայաստանի տնտեսությունը ֆինանսական միջոցների, առավել ևս՝ ուղղակի ներդրումների լուրջ կարիք ունի, կապիտալն ահռելի տեմպերով արտահոսում է երկրից։ Միայն անցած տարի ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր ավելացել են շուրջ 200 մլն դոլարով։ Սա հսկայական գումար է Հայաստանի տնտեսության համար։

Ընդհանուր առմամբ դրանք կազմել են 1 մլրդ 188 մլն դոլար։ Խոսքը բացառապես բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս եկած գումարների մասին է։

Անշուշտ, քիչ չեն նաև կանխիկի հոսքերը. այդ առումով հաշվառում չի իրականացվում, բայց տարբեր գնահատականներով՝ դրանք գրեթե համարժեք են անկանխիկ փոխանցումներին։

Թեև երևույթը, որպես այդպիսին, նոր չէ, այնուհանդերձ այն ակտիվացել է՝ հատկապես անցած տարվա ընթացքում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ կառավարությունը Հայաստանը հայտարարել է մենաշնորհներից ու կոռուպցիայից դուրս գոտի՝ հույս ունենալով, որ այն կգրավի ներդրողներին։

Թե որքանո՞վ են ներդրողները ոգևորված դրանով, այլ հարց է։ Մի բան փաստ է, որ արտաքին կապիտալի հետաքրքրությունների ակտիվացում նկատելի չէ։ Ընդհակառակը՝ տնտեսությունը բավական լուրջ կորուստներ է ունենում նաև ներսում։ Հսկայական միջոցներ դուրս են գալիս երկրից։

Առանձին ամիսներին ֆիզիկական անձան միջոցով արտերկիր փոխանցված գումարները գերազանցել են 100 մլն դոլարը։ Նման երևույթ է դիտարկվել հատկապես անցած տարվա վերջին։ Հոկտեմբերին երկրից դուրս է եկել 121 միլիոն, նոյեմբերին՝ 114 միլիոն, դեկտեմբերին՝ 123 մլն դոլար։

Թե ո՞րն է եղել երկրից ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացման պատճառը, և ի՞նչ նպատակ է այն հետապնդել, ըստ էության, այնքան էլ կարևոր չէ։ Փաստ է, որ դրա հետևանքով բավական լուրջ գումարներ են դուրս եկել երկրի տնտեսությունից և ֆինանսական շուկայից։ Ու որքան էլ գուցե թե դուրս գնացած տարադրամի մի մասն ունեցել է զուտ ներմուծման նշանակություն, այնուհանդերձ դրանից շատ բան չի փոխվում։

Բանկային համակարգի միջոցով Հայաստանից կատարված մասնավոր փոխանցումներն անցած տարի ավելացել են 20 տոկոսով։ Սա լուրջ ահազանգ է երկրի տնտեսության համար, որն այսօր կանգնած է դրսից գումարներ ներգրավելու փաստի առջև։

Բայց խնդիրը միայն տնտեսությունը չէ. այդ երևույթը պակաս մտահոգիչ չէ նաև ֆինանսական համակարգի համար։ Հատկապես որ, տարադրամային միջոցների ելքերն ակտիվացել են ոչ ամենևին միայն այս հատվածում։ Իշխանափոխությունից հետո վերսկսել է խորանալ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը, ինչը նշանակում է, որ երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս՝ ներմուծման ֆինանսավորման նպատակով։ Այն թուլացնում է՝ ինչպես ներքին տնտեսության մրցունակությունը, այնպես էլ՝ սահմանափակում է ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորությունները։ Դրանք գումարներ են, որոնք ներքինի փոխարեն՝ ֆինանսավորում են այլ երկրների տնտեսությունները։

Դեպի դուրս մասնավոր անձանց փոխանցումների ակտիվացումն ինչ-որ առումով գուցե թե այդքան անհանգստացնող չլիներ, եթե դա ուղեկցվեր մուտքերի աշխուժացմամբ։ Սակայն այդպես չէ. Ընդհակառակը՝ վերջին շրջանում նկատվում է դրսից եկող գումարների աճի դանդաղում։ Առանձին ամիսներին մուտքերը նախորդ տարվանից նույնիսկ պակաս են եղել։

Եթե առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստան ավելացել էին 14,4 տոկոսով, առաջին կիսամյակում՝ 8,7 տոկսով, ապա արդեն տարվա կտրվածքով աճը կազմել է հազիվ 1,6 տոկոս։

Ավելի լավ պատկերացնելու համար՝ ասենք, որ Հայաստանից դեպի դուրս քաղաքացիների կատարված փոխանցումներն ավելացել են շուրջ 198,5 մլն դոլարով, իսկ դրսից ստացվածները՝ ընդամենը 29 միլիոնով։ Այսինքն՝ բացասական հաշվեկշիռը կազմել է 169,5 մլն դոլար։ Արդյունքում՝ մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 22 տոկոսով։

Ակնհայտ է, որ այս հատվածում երկիրը ֆինանսական միջոցների լուրջ կորուստներ է ունենում։

Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ կապիտալը կորցնում է վստահությունը ներքին տնտեսության նկատմամբ։ Այդ հարցին, անշուշտ, դժվար է միանշանակ պատասխանել։ Բայց որ այդպես մտածելու համար բազմաթիվ պատճառներ կան, աներկբա է։ Դրանք պետք է փնտրել առաջին հերթին՝ կառավարության ու նրա ղեկավարի գործողությունների մեջ։

Այն, ինչ արվեց տնտեսական հատվածում իշխանափոխությունից անմիջապես հետո, դեռ երկար զգացնել կտա։ Քաղաքական նպատակներով վարչապետի տեղի ու անտեղի հայտարարությունները լուրջ հարված հասցրեցին երկրի գործարար միջավայրին։ Ու որքան էլ հիմա փորձ արվի մեղմել իրավիճակը, դա այնքան էլ հեշտ չի լինելու։

Պատահական չէ, որ այսօր էլ կապիտալը շարունակում է խիստ զգուշավորություն պահպանել։ Մի բան, ինչը բնավ էլ չի բխում տնտեսության շահերից։ Այն մեծապես ազդում է տնտեսական գործընթացների վրա։

Ու քանի դեռ ներքին կապիտալն է խուսափում տնտեսությունից, առավել ևս, դուրս հոսում երկրից, դժվար է լուրջ հույսեր կապել արտաքին ներդրողների հետ։ Մինչդեռ Ֆիզիկական անձանց միջոցով երկրից դուրս եկող գումարները ներդրումների վերածվելու դեպքում կարող էին հսկայական աջակցություն լինել ներքին տնտեսության համար։

Փոխարենը մտածելու այդ մասին, կառավարությունն անհույս փորձեր է անում ներդրողներ գրավելու ակնկալիքով՝ մոռանալով, որ կապիտալը ոչ միայն հարմարավետություն և աշխատելու լավ պայմաններ է փնտրում, այլև կայունություն ու հանգստություն։ Ցավոք, վերջին շրջանում ներդրումային կապիտալն իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում Հայաստանում։

Խոսքն ամենևին էլ միայն արտաքին ներդրումների մասին չէ։ Պակաս մտահոգ չեն նաև ներքին ներդրողները։ Ու քանի դեռ չի հաջողվում համոզել ներքին ներդրողներին, անիմաստ է հույսեր կապել արտաքին կապիտալի հետ։

Այս պայմաններում շատ ավելի իրատեսական կլիներ մտածել ներքին խնայողությունները մոբիլիզացնելու և ներդրումների վերածելու, քան դրսից գումարներ ներգրավելու մասին։ Հատկապես որ, խոսքը բավական մեծ միջոցների մասին է։ Նախորդ մեկ-երկու տասնամյակում Հայաստանում լուրջ ներդրումային կապիտալ է կուտակվել, որը դուրս է մնացել տնտեսական պրոցեսներից կամ չի ունեցել այն դերը, ինչ կարող էր ունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել