168.am-ը գրում է.

Ձախողելով ծանր հանցագործության համար դատապարտված Մհեր Ենոքյանից «հերոսի» կերտման անհասկանալի նպատակի վերջնական տուրը՝ նրա ազատ արձակումը, Սորոսը և նրա հայաստանյան հետնորդները հերոսացման նոր սուբյեկտներ են գտել: Երեկ ճոխ շնորհանդեսի ընթացքում Սորոսի հովանավորյալ երկու կազմակերպություններ՝ «Բաց հասարակությունների հիմնադրամը» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլը», «սկզբունքայնության և խիզախության» մրցանակ շնորհեցին Ամուլսարի ճանապարհները փակող մոտ մեկ տասնյակ անձից բաղկացած խմբին:

Փորձենք հասկանալ սորոսականների մոտիվացիան և գործողությունների տրամաբանությունը:

Ի՞նչ են անում Ամուլսարի ճանապարհները փակող անձինք: Արդեն 7 ամիս մի խումբ անձինք, և ոչ բոլորովին՝ «համայնքները», ինչպես փորձ է արվում ներկայացնել, բառացիորեն 10-15 մարդ, զավթել են իր գործունեության համար բոլոր իրավական փաստաթղթերն ունեցող ներդրողի տարածքը, և ըստ շրջանառվող լուրերի՝ դրա համար ֆինանսավորվում են տարբեր օլիգարխների կողմից: Իրավական բոլոր չափանիշերով՝ սա դասական ապօրինություն է: Ի՞նչ «համարձակության» էլեմենտներ կան այս գործողություններում: Արդյո՞ք այս մարդիկ պայքարել են ոստիկանական մահակների դեմ, արդյո՞ք նրանց որևէ կերպ խոչընդոտել են իրավապահ մարմինները: Ո՛չ, չեն խոչընդոտել: Եվ ուրեմն ի՞նչ «համարձակության» մասին է խոսքը, երբ այս մարդիկ իրականացնում են ներդրողի հանդեպ ռեկետ՝ պետության լռելյայն համաձայնությամբ, առանց որևէ խոչընդոտի հանդիպելու: Ի՞նչ «համարձակության» մասին է խոսքը, երբ այս մարդիկ կաստետներով (տեսագրությունները կան համացանցում) ծեծի են ենթարկել իրենց օրինական տարածք մուտք գործել փորձող՝ «Լիդիան» ընկերության աշխատակիցներին, և դրան պետության կողմից ոչ մի իրավական գնահատական չի տրվել:

Երեկ կայացած միջոցառման ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարը ժպիտով լուսանկարվել էր Ամուլսարի ճանապարհների փակման մրցանակակիրների հետ: Այդ ի՞նչ մեծ «խիզախություն» է անհրաժեշտ ներդրողի դեմ ակնհայտ ապօրինություն իրականացնելու համար, երբ մեջքիդ լայն ժպիտով կանգնած է երկրի Արդարադատության նախարարը:

Հասկանո՞ւմ է արդյոք Արդարադատության նախարարը, որ այս լուսանկարը Հայաստանի դեմ հնարավոր ապագա դատական հայցի համար ևս մեկ իրեղեն ապացույց է առ այն, որ պետությունը խրախուսել է, աջակցել է և մասնակցել է ներդրողի դեմ ապօրինությանը:

Եթե չի հասկանում, ապա դա խոսում է նրա պրոֆեսիոնալ գիտելիքների բացակայության մասին: Իսկ եթե հասկանում է և անում է, ապա դա հիմնավորում է Սորոսի և նրա հետևորդների կողմից Հայաստանի տնտեսությունը միտումնավոր քանդելու թեզը:

Իսկ եթե մի խումբ անձինք փակեն «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» և «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի ճանապարհնե՞րը: Չէ՞ որ Հայաստանում, օրինակ,  կան նաև հազարավոր քաղաքացիներ, ովքեր  կասկածներ ունեն և բարձրաձայնում են, որ այս կազմակերպություններն ավերում են մեր երկիրը, խրախուսում են  անբարոյականությունը, քանդում են տնտեսությունը… Արդյո՞ք նման կասկածները բավարար կլինեն, որ այս կազմակերպությունների գրասենյակները շրջափակվեն «խիզախ» քաղաքացիների կողմից, և աշխատակիցները կաստետներով ծեծի ենթարկվեն՝ ոստիկանության անգործության պայմաններում: Այդ քաղաքացիներին նո՞ւյնպես մրցանակներ կտան: Եթե՝ այո, ապա սա կանաչ լույս է նման կասկածներ ունեցող հազարավոր քաղաքացիների համար: Չէ՞ որ նրանք էլ իրենց կասկածների հիման վրա իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավունք ունեն:

Ի՞նչ կանի Ջորջ Սորոսն անձամբ, եթե Նյու Յորքում իր գրասենյակի դիմաց 10 հոգի՝ ֆինանսավորվելով իր մրցակիցների կողմից, 7 ամիս շարունակ թույլ չտան, որ նա մուտք գործի իր օրինական տարածք, և ծեծի ենթարկեն նրան՝ իրացնելով իրենց քաղաքացիական դիրքորոշումն առ այն, որ նա իրավունք չունի աշխատելու ու միգուցե նունիսկ գոյություն ունենալու: Իսկ գիտե՞ք ինչու, չնայած հազարավոր թշնամիների առկայությանը, Սորոսի դեմ նման գործողություններ չեն իրականացվում: Որովհետև իրավական երկրում նա կդիմի ոստիկանություն, և ոստիկանությունը կպաշտպանի օրենքը՝ Սորոսի՝ սեփական տարածք մուտք գործելու իրավունքը: Խաղաղ ցուցարարները ցույց են անում հանրային տարածքում, խաղաղ կարգախոսներով, առանց օրենքը խախտելու:

Տնտեսվարողի տարածքի զավթումը, անհայտ ֆինանսավորմամբ ու իրավապահների լռելյայն խրախուսմամբ այդ տարածքում «տնավորվելն» ու օրինական տանտերերին ծեծելը ոչ «սկզբունքայնության»,  ոչ էլ «խիզախության» հետ կապ ունի, ու Սորոսի ապրած երկրում բոլորովին այլ անվանում կունենար: Բայց Հայաստանում Սորոսը կարող է իրեն թույլ տալ տարբեր կազմակերպությունների ու իշխանության ներսում իր հովանավորյալ ներկայացուցիչների միջոցով խրախուսել ակնհայտ ապօրինությունը, որը հանգեցրել է հազարավոր մարդկանց գործազրկության ու այս համայնքներում արտագաղթի, էլ չասած Հայաստանի գահավիժող ներդրումային հեղինակության մասին:

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ պետության հիմքերի նպատակային խարխլում: Եթե «Ամուլսարի պահապաններն» իրացնեին իրենց «քաղաքացիական իրավունքներնը ՝ամեն օր հանդիպելով իրավապահների կողմից խոչընդոտների, եթե նրանց ձերբակալեին, թույլ չտային փակել ճանապարհները, միով բանիվ, եթե պետությունը պաշտպաներ ներդրողի իրավունքները, «խիզախության» համար մրցանակը միգուցե հասկանալի լիներ: Բայց այս պարագայում խիզախության մրցանակ միգուցե ներդրողին է պետք տալ, որն արդեն 7 ամիս է՝ զերծ է մնում պետության դեմ դատարան դիմելուց, և դատելով հրապարակային հայտարարություններից, դեռևս խիզախություն ունի լիակատար ապօրինության պայմաններում ներդրումները շարունակելու հույսեր ունենալու: Մի օր, սակայն, ինչ-որ մարդիկ իրավական պատասխան են տալու օրենքը, պետության շահն ու վարկանիշը, ներդրողի ու հազարավոր մարդկանց օրինական իրավունքը ոտնահարելու համար: Ու Ջորջ Սորոսը հաստատ պատասխան տվողների մեջ չի լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել