Ավարտվեցին ֆուտբոլային առաջնությունները, եւ եվրոպական առաջնությունների մեկնարկին մենք պետք է մի քանի ամիս սպասենք: Սակայն, բարեբախտաբար մեզ համար, Ֆորմուլա 1-ի մրցաշրջանը շարունակվում է եւ աստիճանաբար իր հասարակածին է մոտենում: Արքայական ավտոսպորտի 2013 թվականի առաջնության 7-րդ էտապը կայացավ Կանադայում` Ջիլ Վիլնյովի անունը կրող լեգենար մրցուղում: Այստեղի մրցարշավները սովորաբար աչքի էն ընկնում իրենց անկանխատեսելի սցենարներով, սակայն այս տարվանը բացառություններից մեկը դարձավ: Սակայն ամեն ինչ սկսվում էր «կանադական» մրցարշավներին բնորոշ սցենարով: Մինչ մրցարշավն անցած 4 սեսիաներից միայն մեկն անցավ չոր եղանակային պայմաններում, մնացածները, այսինքն` 1-ին եւ 3-րդ ազատ երթերը, ինչպես նաեւ որակավորման մրցումներն անցան փոփոխական եղանակային պայմաններում: Սովորաբար հենց այդպիսի դժվար պայմաններում են ի հայտ գալիս նոր` երիտասարդ տաղանդները: Հիշո՞ւմ եք, թե ինչպես գրեթե 30 տարի առաջ` 1984 թվականի Մոնակոյի գրան պրիում, հայտնություն դարձավ Այրտոն Սեննան: Կամ Ֆուձի 2007-ը եւ որակավորման մրցումներում ցուցադրած` 20-ամյա երիտասարդ Սեբաստյան Ֆետտելի 9-րդ արդյունքը, կամ մեկ տարի անց Իտալիայում փոքր-ինչ թեթեւ, բայց կրկին դժվարին պայմաններում նույն Ֆետտելի աներեւակայելի Փոոլ Փոզիշնը: Այս անգամ իհարկե կրկին կարիերայում արդեն 39-րդ Փոուլը նվաճած Ֆետտելի հաղթարշավն արդեն ոչ ոքի համար անակնկալ չէր, ավելի շատ՝ օրինաչափություն: Փոխարենը մենք ունեցանք նոր հայտնություն: 24-ամյա ֆին Վալտերի Բոտտասի մասին վաղուց էին խոսում: Նա իր պոտենցիալը ցուցադրեց դեռ 2 տարի առաջ ԳՊ3-ում՝ դառնալով չեմպիոն: Նախորդ տարի նա մասնակցեց ուրբաթօրյա առաջին ազատ երթերից 20-ից 15-ին եւ եւս վատ տպավորություն չթողեց: Այս տարի նա դարձավ հիմնական պիլոտ, սակայն, քանի որ մեքենայի մարզավիճակը հեռու էր նախորդ տարվանից, քչերն էին ուշադրություն դարձնում այն փաստին, որ Բոտտասը գրեթե չի զիջում իր՝ արդեն բավականին փորձառու թիմակից, գրան պրիի հաղթող Պաստոր Մալդոնադոյին: Սակայն հենց բարդ պայմաններում ֆինը կարողացավ գլխից բարձր ցատկել եւ այնպիսի արդյունք ցույց տալ, որ չնկատելն անհնար էր: Որակավորման մրցումներում նա զիջեց միայն վերը նշված, 3-րդ տարին անընդմեջ Փոուլ Փոզիշն նվաճած Ֆետտելին եւ Մոնրեալում եւս 3 Փոուլ ունեցող, ինչպես նաեւ այս գրան պրիի 3-ակի հաղթող Լյուիս Հեմիլթոնին:

 

 Բոլորը հասկանում էին, որ եթե մրցարշավն անցներ սովորական պայմաններում, այն է` չոր ասֆալտի վրա, Բոտտասը մեծ դժվարությամբ կկարողանար գոնե միավորների հավակնել: Այդպես էլ եղավ: Կիրակի, Քվեբեկի վրա շողած արեւ եւ մրցարշավի մեկնարկային րոպեներից ակներեւ դարձավ թոփ մեքենաների եւ սխրանք գործած Ուիլյամսի տարբերությունը: Արդեն մեկնարկի ժամանակ Բոտտասը 2 տեղ բաց թողեց՝ եւս մեկը զիջելով առաջին շրջանի վերջում: Արդյունքում, Բոտտասը ողջ մրցարշավը ընթացքում ստիպված էր ավելի շատ ետեւի դիրքի հայելիներին հետեւել, քան սեփական մրցարշավին: Այո՛, նա շախմատաձեւ դրոշակն ընդամենը 14-րդը տեսավ, սակայն ի տարբերություն սեփական թիմակցի՝ հերթական անգամ չվթարվեց, պատիժ չստացավ եւ սառնասրտություն դրսեւորեց: Բոլորը տեսան, թե ինչպես նա, պաշտպանվելով կոռեկտ, բայց միաժամանակ չզիջելով ճանապարհը, ստիպեց Սուտիլին ոտքը մի քանի ակնթարթ շուտ դնել արագացման ոտնակին, ինչի արդյունքը դարձավ գերմանացու շրջապտույտը եւ կորցրած հնարավոր 6-րդ տեղը (ի դեպ, տեսնելով, թե ինչպես Սուտիլը մի ամբողջ շրջան իր ետեւում պահեց Հեմիլթոնին, տպավորություն ստեղծվեց, որ նա վրեժ էր լուծում վերջինից՝ դատին չներկայանալու համար): Ինձ նաեւ տպավորեց Բոտտասի ֆիննական սառնասրտությունն իր հայրենակից Ռայկկոնենից պաշտպանվելիս, երբ նա իրեն մեկ շրջանով գերազանցող Ֆետտելին հաջողացրեց այնպես առաջ թողնել, որ ոչ մի հնարավորություն չտվեց իր՝ աշխարհի չեմպիոն հայրենակցին օգտվել այդ պահից: Իսկ Բոտտասն ի դեպ Ջիլ Վիլնյովի անվան մրցուղում առաջին անգամ էր Ֆորմուլա 1-ի մեքենայի ղեկին նստել: Մի խոսքով` կեցցե ֆինը, մենք նրա մասին դեռ միանշանակ կլսենք:

 

Մրցարշավի մյուս հերոսներից կարելի է նշել Ջան էրիկ Վերնին: Գիտեք, այն, ինչ տեղի է ունենում Տոռռո Ռոսսոյում, շատ նման է այս թիմի նախորդ սերնդի ներկայացուցիչների ժամանակաշրջանում տիրող իրավիճակին: Փաստացի այս թիմը ստեղծվել է Ռեդ Բուլլի հիմնական թիմի համար աստղեր նախապատրաստելու նպատակով, սակայն երբ 2008-ին այս թիմն ավելի ուժեղ գտնվեց բուն Ռեդ Բուլից, ավստրիական ընկերությունը ժողովրդական լեզվով ասած «փակեց կրտսեր թիմի օդերը», եւ այն այդուհետ պելոտոնի 2-րդ տասնյակից հազվադեպ էր վեր բարձրանում: Սակայն, մի քանի տարի առաջ` մեկ Խայմե Ալգերսուարին, մեկ Սեբաստյան Բուեմին, ժամանակ առ ժամանակ հրաշալի արդյունքներ էին գրանցում՝ դրանով իսկ Հելմուտ Մարկոյին գցելով դժվարին կացության մեջ: Ինչո՞ւ: Որովհետեւ նա ոչ մի կերպ չէր կարողանում կողմնորոշվել, թե ում պահել թիմում եւ ումով փոխարինել Մարկ Ուեբբերին: Արդյունքում անկանխատեսելի ավստրիացին թիմից անպատճառ վռնդեց երկուսին էլ, նրանց փոխարեն բերելով նոր երիտասարդների եւ իր այդ քայլը պատճառաբանելով նրանով, որ Տոռռո Ռոսսոն պետք է շարունակի հայտնագործել նոր տաղանդների եւ որ ըստ իրեն՝ ոչ Բուեմին, ոչ էլ Ալգերսուարին հաղթողներ չէին: Գիտե՞ք, վերջին խոսքերին շատ դժվար է լուրջ վերաբերվել: Նախ, Բուեմին եւ Ալգերսուարին հաճախ մեքենայից առավելագույնն էին քամում, հատկապես Խայմեն, ով իր վերջին գրան պրիներին մի քանի անգամ եզրագիծը 7-րդը հատեց: Արդյո՞ք նա դրանից առավել էր ուզում տղաներից: Ես հասկանում եմ, նա ի նկատի ունի Ֆետտելին, ով, ինչպես քիչ առաջ նշեցի, հենց այս թիմում իր առաջին հաղթանակը տարավ: Սակայն կրկնվեմ, որ այն ժամանակ Ռեդ Բուլն անհեռատես քայլեր էր արել՝ իր 2 թիմերին նորույթները միաժամանակ մատակարարելով, ինչի արդյունքում ավելի հզոր` Ֆեռարիի շարժիչով Տոռռո Ռոսսոն առաջ անցավ Ռեդ Բուլից, ինչի շնորհիվ էլ հնարավոր եղավ տեսնել Ֆետտելի պոտենցիալը: Եթե թիմի այդ ժամանակվա մեքենան վերջին 4 մրցաշրջանների նման լիներ, ապա ԱՆԳԱՄ ՍԵԲՆ ԱՅԴ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՄԻԱՅՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՊԱՅՔԱՐԵՐ: Ստացվում է, որ նա անտեղի աշխատանքից հեռացրեց 2 երիտասարդ եւ հեռանկարային տղաների: Իսկ հիմա ուշադրություն: Այնպես է ստացվում, որ թիմի այսօրվա պիլոտները ճիշտ նույն իրավիճակում են: Մեկ Դանիել Ռիկկիարդոն է հրաշալի ելույթներ ունենում, օրինակ` Չինաստանում, մեկ էլ Ժան էրիկ Վերնը, ինչպես վերջին 2 մրցարշավներում: ՎԵՐՆԻ ԱՅՍՕՐՎԱ 6-ՐԴ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԹԻՄԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ԻՄ ՆՇԱԾ՝ ԻՏԱԼԻԱ 2008-ՈՒՄ ՖԵՏՏԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ: Ի՞նչ է, հիմա՞ էլ Դոկտոր Մարկոն կասի, որ իր կրտսեր թիմի տղաները հաղթողի պոտենցիալ չունեն: Այլ հարց է, որ ինչպես եւ Բուեմի-Ալգերսուարի զույգում, այստեղ եւս չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել: Գուցե իմ նշած 4 տղաներից ոչ ոք Սեբ Ֆետտելի պես տաղանդավոր չէ, բայց դա չի նշանակում, որ Մարկոն պետք է վնաս հասցնի իր իսկ ղեկավարի գրպանին: Տեսեք, թե Ռեդ Բուլլի երիտասարդ պիլոտների աջակցության ծրագրի քանի պիլոտների վրա ծախսված գումարները չեն արդարացվել: Տոնիո Լյուցցի, Սկոտ Սպիդ, Կրիստիան Կլին, Միխաիլ Ալյոշին, Բուեմի, Ալգերսուարի… Չեմ ուզում այս մարդկանց շարքին դասել նաեւ Դենին եւ ԺԵՎ-ին, սակայն ավելի կարեւոր է, որ դա չանի Դոկտոր Մարկոն: Եվ վերջում, գիտե՞ք՝ ի՞նչն է հետաքրքիր: Ծիծաղալու կարող է ստացվել, որ այսքանից հետո, եթե Ուեբբերը, չներելով թիմին այս տարվա 2-րդ մրցարշավում իր հանդեպ արվածը, հեռանա, ապա նրան փոխարինելու գա... Կիմի Ռայյկոնենը!!!: Համաձայնեք, որ ծիծաղելի է, թիմը միլիոններ է ծախսում երիտասարդների վրա, սակայն վճռորոշ պահին թիմում տեղ է զբաղեցնում «կողքից եկած» պիլոտ, այն էլ կլորիիիիիկ աշխատավարձով:

 

Ինչ վերաբերում է բուն մրցարշավին, ապա այն ցույց տվեց, որ Բարսելոնայում կայացած Մերսեդեսի եւ Պիրելլիի «թաքուն» թեստերը եթե անգամ օգնել են գերմանական թիմին, ապա` ոչ էապես: Ռոսբերգը 2-րդ փիտ ստոպից հետո Supersoft-ով անմիջապես կորցրեց տեմպը, իսկ Լյուիսը չկարողացավ պահպանել 2-րդ տեղը նաեւ արգելակների խնդիրների պատճառով՝ այն զիջելով Ալոնսոյին, ով հերթական սխրանքը գործեց, համեմատաբար անհաջող որակավորումից հետո, հերոսաբար հասնելով մինչեւ պոդիում, իսկ ահա հաղթողը պետք չունեցավ ճեղքել որեւիցե մեկի պաշտպանությունը: Նա այսօր եւս ստիպված եղավ բազմաթիվ վազանցներ կատարել, սակայն նա վազանցում էր իրենից մեկ եւ ավել շրջան ետ մնացողներին: Ինչպես եւ հին ու բարի մրցարշավներում, ընդամենը 5 պիլոտ անցան բոլոր 70 շրջանները, քանի որ առաջատարին մեկ շրջանով չզիջեցին: 2 տարի առաջ վերջին շրջանին հաղթանակն այդ օրն անհաղթելի Բատտոնին զիջելուց հետո Ֆետտելը վերջապես կարողացավ հաղթել Կանադայում: Սա Ռեդ Բուլի առաջին հաղթանակն էր ոչ միայն Կանադայում, այլ նաեւ ամբողջ Հյուսիսային Ամերիկայում:

Այժմ Սեբն իր նոր մոտակա մրցակից Ալոնսոյին արդեն 36 միավորով է գերազանցում: Նախորդ տարի Ալոնսոն Սեբին գերազանցւոմ էր ավելի քան 40 միավորով, սակայն չկարողացավ պահել այդ առավելությունը: Տեսնենք, արդյոք դա կհաջողվի՞ Սեբին: Եթե այո, ապա Ալեն Պրոստը պետք է սեղմվի՝ իր կողքին տեղ տալով իր ճանապարհին ամեն ինչ ոչնչացնող տիտանին:

Կհանդիպենք 3 շաբաթից, Ֆորմուլա 1-ի պատմության առաջին գրան պրին ընդունած Սիլվերսթոոունի մրցուղում :))))))))))))))))))))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել