Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ: Բանկի ներկայացուցիչները քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր են առաջարկել, մասնավորապես էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման ծրագրերին օժանդակության վերաբերյալ: 

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետը կարևորել է էլեկտրական տրանսպորտի զարգացումը՝ նշելով դրա մի շարք առավելությունները, այդ թվում՝ բնապահպանական խնդիրների լուծման տեսանկյունից: 
Անդրադառնալով մետրոյի նոր կայարանի կառուցմանը՝ քաղաքապետը նշել է, որ այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում միջազգային տարբեր կառույցների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ ծրագիրն իրագործելու նպատակով: Քաղաքապետը նշել է, որ վերգետնյա էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրումը կարող է ընթանալ նաև տրանսպորտային բարեփոխման ծրագրի իրագործմանը զուգահեռ: 
ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային ծրագրերի իրականացմամբ մասնակից դառնալ Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրին՝ ակնկալելով նաև պետության մասնակցությունը գործընթացին: 
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել