Operativ.am-ը գրում է.

Օնլայն պորտալներն սկսել են ավելի արագ արձագանքել ատելություն հրահրող կոչերին։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հատուկ հաշվետվությունում, որը ներկայացվել է Բրյուսելում։ Այժմ այնպիսի հարթակներ, ինչպիսին են Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը, Instagram-ը, օրվա մեջ գնահատում են այն կոնտենտի գրեթե 90 տոկոսը, որի հասցեին բողոքներ են ստացվում։ Ընդ որում՝ ընկերությունները հանել են նման կոնտենտների գրեթե 72 տոկոսը, տեղեկացնում է DW-ն։

«Ատելության լեզուն ինտերնետում ոչ միայն հանցագործություն է, այլ նաեւ սպառնալիք է կրում խոսքի ազատության եւ դեմոկրատական գործընթացներին մասնակցելու համար»,- ասել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան։ Նրա խոսքով՝ բերված թվերը նշանակում են, որ երկուսուկես տարվա ընթացքում Եվրոպայում գտնվել է այս լրջագույն խնդրի ճիշտ մոտեցումը եւ մշակվել են այդ երեւույթին դիմակայելու ստանդարտ գործողություններ։
Իր գնահատականներում Եվրահանձնաժողովը ղեկավարվել է ինտերնետում ատելության լեզվին դիմակայելու վարքականոնով, որը գործողության մեջ է մտել 2016թ.։ Առաջին տարվա ընթացքում ընկերություններին հաջողվել է դիտարկել մեկ օրում դեպքերի լոկ 40 տոկոսը։

Օգտատերերի բողոքին արժանացած կոնտենտը ամենից հաճախ պարունակել է այլատյացության դրսեւորում (17 տոկոս), ատելություն սեռական կողմնորոշման համար (15,6 տոկոս), մահմեդականների հանդեպ ատելություն (13 տոկոս) եւ սինտի ու ռոմա ազգությունների հանդեպ ատելություն (12,2 տոկոս)։ Ներկա մոնիթորինգը անցկացվել է 2018թ. նոյեմբեր-դեկտեմբերին, վեց շաբաթվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածում նշվել է ցանցում ատելության լեզվի կիրառման գրեթե 4400 դեպք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել