Հանրության մի ստվար զանգված ցանկանում է իսկապես տեսնել և հասկանալ, թե ո՞րն է նոր իշխանությունների հայ-վրացական օրակարգը, ինչպես նաև հայ-իրանական, հայ-ռուսական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-եվրոպական և հայ-ամերիկան օրակարգերը:
Առհասարակ, կա՞ որևէ օրակարգ կամ հարցերի շրջանակ, որոնց շուրջ Հայաստանը գտնվում է երկխոսության մեջ կամ պատրաստվում է սկսել այդպիսի երկխոսություն նշված երկրների ու կենտրոնների հետ:
Եթե կան, ապա որո՞նք են դրանք:
Առհասարակ, Հայաստանն ունի՞ այդ պետություններին ուղղված որևէ ուղերձ, հարաբերությունների ձևավորման, զարգացման որևէ ռազմավարական հայեցակարգ, թե՞ ոչ, արդյո՞ք փոխվում են խաղի կանոնները, կամ նոր ոճ ու տոնայնությո՞ւն է հաղորդվում այդ կանոններին, թե՞ մենք շարունակում ենք նախորդ վարչակազմի գծած և իրագործած քաղաքականությունը նշված երկրների հետ:
Ավելի պարզ ասած՝ ո՞րն է Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության դոկտրինը և արտաքին մարտահրավերների լուծման ռազմավարական հայեցակարգը...
Հույս կա, որ առաջիկայում Ազգային ժողով ներկայացվող կառավարության ծրագրում կունենանք նշված հարցերի պատասխանները, ինչպես նաև այն, թե, այնուամենայնիվ, Փաշինյանի կառավարության համար ի՞նչ թիրախներ ու ոլորտներ են դիտվում որպես առաջնահերթություններ:
Սրանով հանդերձ մի բան նույնպես ակնհայտ է. արհեստական օրակարգերի ձևավորումն այն պարագայում, երբ հիմնական խնդիրների լուծման մեխանիզմներն ուրվագծված ու ընդգծված չեն որպես առաջնահերթություններ, ճիշտ չեն ընկալվում հանրության կողմից կամ դիտարկվում են որպես սխալ ազդակներ՝ առաջին հերթին վնասելով դրանց հասցեատերերին...